Վարչապետի որոշումներ

2 Հոկտեմբերի 2012, 955 - Ա

ՄԱԿ-Ի «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1594-Ն որոշման հավելվածով ամրագրված որոշ միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով և հաշվի առնելով կլիմայի փոփոխության հիմնախնդրի ու նրա լուծմանը նպատակաուղղված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի բազմաճյուղային բնույթը, կլիմայի փոփոխության դեմ պայքարում ձևավորվող նորարարական մոտեցումներն ու մեխանիզմները և դրանցում Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության համար միջպետական ու միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարայնությունը, համայնքային, քաղաքացիական հասարակության ու գիտական համայնքի ակտիվ մասնակցության ու կադրերի պատրաստման կարևորությունը և դրա համար միջգերատեսչական արդյունավետ համագործակցության և համակարգման անհրաժեշտությունը`
1. Ստեղծել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ, հաստատել միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Խորհրդի նախագահին՝ խորհրդի գործունեության մասնագիտական և փորձագիտական աշխատանքներն ապահովելու նպատակով 6-ամսյա ժամկետում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ ու հաստատել դրա կազմը և աշխատակարգը, ինչպես նաև աշխատանքային խմբի միջպետական ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, տարածաշրջանային, համայնքային և միջհամայնքային համագործակցության, աշխատանքային խմբում գիտական համայնքի և քաղաքացիական հասարակության մասնակցության կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ որոշման 1-ին կետով հաստատված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին տեղեկացնել խորհրդում իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023