Վարչապետի որոշումներ

14 Մարտի 2018, 246 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒ ՑԱՀԱՆԴԵՍ, ՀԱՊԿ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ (ՏԵԽՆԻ ԿԱԿԱՆ) ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇ- ՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ, ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ 2-ՐԴ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱ ԺՈՂՈՎ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 119-րդ կետով՝
1. Սահմանել, որ 2018 թվականի մարտի 29-31-ը «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում գտնվող «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության «ԱրմՀայՏեք-18»/«ArmHiTec-18» 2-րդ միջազգային ցուցահանդեսի, ՀԱՊԿ ձևաչափում ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի համատեղ նիստի, հայ-ռուսական 2-րդ ռազմարդյունաբերական համաժողովի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող գործարար ծրագրի (այսուհետ` ցուցահանդես) անցկացման կազմակերպիչ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը (համաձայնությամբ) և «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միություն» փակ բաժնետիրական ընկերությունը (համաձայնությամբ):
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) ապահովել օտարերկրյա պետությունների շահագրգիռ ներկայացուցիչներին համաատասխան հրավերների ուղարկումը.
2) հաստատել ցուցադրման համար նախատեսվող` տեղական արտադրության քաղաքացիական, ռազմական նշանակության արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների անվանացանկն ու դրանց քանակները.
3) հաստատել ցուցադրման համար նախատեսվող՝ օտարերկրյա պետությունների արտադրության ռազմական նշանակության արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների անվանացանկն ու դրանց քանակները.
4) հանդիսանալ օտարերկրյա պետությունների արտադրության, ռազմական նշանակության արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների` բեռի ստացող հասցեատեր և իրականացնել դրանց ժամանակավոր ներմուծման ու վերաարտահանման փաստաթղթերի մաքսային ձևակերպումները.
5) ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
6) ցուցահանդեսին մասնակցող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների հետ համատեղ ապահովել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանությունը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
7) ցուցահանդեսի անցկացման համար կնքել պայմանագիր «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության հետ:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունների միջոցով ապահովել նախատեսվող միջոցառումների վերաբերյալ պատշաճ իրազեկում վերջիններիս հավատարմագրման երկրներում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրամադրված համապատասխան օտարալեզու տեղեկատվական նյութերի հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ առաջարկել Հայաստանի զարգացման հիմնադրամին համաֆինանսավորել ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերություններին:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ ցուցահանդեսի անցկացման օրերին կազմակերպել և միջոցառումների կազմակերպման վայրերում ապահովել շտապ բժշկական օգնության բրիգադների հերթապահություն, ըստ անհրաժեշտության մասնակիցների և հյուրերի բժշկական օգնության ու սպասարկման նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել ցուցահանդեսի անցկացման օրերին հրշեջ-փրկարական ստորաբաժանումների շուրջօրյա հերթապահությունը և ծագած արտակարգ իրավիճակներին արագ արձագանքումը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման ընթացքում իրականացնել միջոցառումներ՝ հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսի միջոցառումների շրջանակներում ներմուծվող և վերաարտահանվող քաղաքացիական, ռազմական նշանակության արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
9. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ապահովել համապատասխան ոլորտի պաշտոնատար անձանց մասնակցությունը ցուցահանդեսին:
10. Առաջարկել՝
1) Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին աջակցել ցուցահանդեսի կազմկոմիտեին՝ ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումները զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանելու համար.
2) Երևանի քաղաքապետին ցուցահանդեսի կազմկոմիտեի առաջարկների հիման վրա ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման ընթացքում ցուցաբերել տեղեկատվական աջակցություն և օժանդակել գովազդային միջոցառումների անցկացմանը:

 

Արխիվ

2024

2023