Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2019, 670 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 567-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 567-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումն է՝
1) մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը:».
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ կետով.
«20. Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանման գործառույթն է՝
1) մարդասիրական օգնության ծրագրերի վարչության՝
ա. բարեգործության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի հասցեով ստացված հայտերի ուսումնասիրման և բարեգործության ոլորտը համակարգող իրավական ակտերին դրանց համապատասխանության ստուգման աշխատանքների իրականացման ապահովումը,
բ. բարեգործության ոլորտի համակարգման վերաբերյալ լիազորված մարմնի որոշման նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքների ստացման աշխատանքների իրականացման ապահովումը,
գ. լիազորված մարմնի որոշման նախագծերի վերաբերյալ արված դիտողությունների և առաջարկությունների ու դրանց լուծմանն ուղղված քայլերի կապակցությամբ քննարկումների կազմակերպման և դրանք բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստման աշխատանքների իրականացման ապահովումը,
դ. բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի նիստերի օրակարգի կազմման, նիստերի հրավիրման, նիստերի արձանագրությունների կազմման և սահմանված կարգով լիազորված մարմնի որոշման նախագծերի ստորագրման ներկայացման աշխատանքների իրականացման ապահովումը,
ե. բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված՝ ծրագրերի ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվության (հաշվետվությունների) ուսումնասիրման և դրա հիման վրա տեղեկանքների պատրաստման աշխատանքների իրականացման ապահովումը,
զ. լիազորված մարմնի որոշմամբ ապահովում է բարեգործական որակված ծրագրերի ընթացքի ուսումնասիրության և արդյունավետության գնահատման (մշտադիտարկման) աշխատանքների իրականացումը,
է. բարեգործական ծրագրերի համակարգման շրջանակներում ապահովում է համագործակցությունը բարեգործության մասնակիցների (բարեգործներ, բարեգործություն ստացողներ)՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, դրանց ներկայացուցչությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական ու նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների և առանձին բարերարների հետ,
ը. բարեգործության ոլորտի համակարգման և բարեփոխման վերաբերյալ ուսումնասիրությունների կատարման, դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, համապատասխան իրավական ակտերի կատարելագործման (օրենքներ, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներ, հրամաններ) նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ապահովումը,
թ. բարեգործության ոլորտին առնչվող հարցերի շուրջ մասնագիտական կարծիքի տրամադրումը:»:

 

 

Արխիվ

2024

2023