Վարչապետի որոշումներ

17 Հուլիսի 2019, 951 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով.
«9) նախապատրաստում է կառավարական պատվիրակությունների և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների արտասահմանյան պաշտոնական գործուղումների որոշման նախագծերը.
10) ապահովում է կառավարության հաստատմանը ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ստորագրման և վավերացման հետ կապված աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.
11) միջազգային կազմակերպությունների հետ կապերի իրականացման ուղղությամբ իրականացնում է համալիր աշխատանքներ: ».
2) hավելվածի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Իրավաբանական վարչությունը`
1) իրականացնում է վարչապետի և փոխվարչապետերի գործունեության իրավական ապահովումը.
2) իրավական փորձաքննություն է իրականացում և փորձագիտական եզրակացություններ պատրաստում աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից կառավարության կամ վարչապետի քննարկմանը, հավանությանը, ստորագրմանը կամ հաստատմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին և օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում է առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն.
3) վարչապետին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ.
4) նախապատրաստում է դատարանի վարույթում գտնվող` վարչապետի կամ վարչապետի աշխատակազմի դեմ հայցադիմումների պատասխանները.
5) վարչապետի հանձնարարությամբ հետևում է վարչապետի առանձին որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում՝ ներկայացնում առաջարկություններ.
6) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է վարչապետի կամ աշխատակազմի շահերի ներկայացումը դատարաններում:».
3) hավելվածի 34-րդ կետում «Պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի» բառերը փոխարինել «Պետաիրավական» բառով, իսկ 1-ին ենթակետը «վարչական օրենսդրության,» բառերից հետո լրացնել «փախստականների և բնակչության միգրացիայի,» բառերով.
4) hավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչությունը՝
1) իրականացնում է տարածքային կառավարման, տարածքային համաչափ զարգացման, մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման, մարզերի զարգացման ծրագրերի, մարզերում աղբահանության և սանիտարական մաքրման քաղաքականության, մարզպետների գործունեության գնահատման, տեղական ինքնակառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, համայնքային ծառայության, վարչատարածքային բաժանման, միջհամայնքային միավորումներ ստեղծելու վերաբերյալ առաջարկությունների, ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինական ոլորտի քաղաքականության և զարգացման, ավտոմոբիլային տրանսպորտի և երթուղային ցանցի զարգացման, երկաթուղու զարգացման, ջրային ոլորտի քաղաքականության, պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման, ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության, ջրային ոլորտի զարգացման և բարեփոխումների, ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման, ջրամատակարարման, ինչպես նաև այլ ջրային համակարգերում կորուստների կառավարման, խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայությունների կարգավորման, ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների կարգավորման, ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման, ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ու պահպանության, ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի), ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման, օգտակար հանածոների արդյունահանման, հանքարդյունաբերության ոլորտի, արդյունահանող ճյուղերի թափանցիկության, էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության, էներգետիկայի բնագավառում կայուն զարգացման և ներդրումների, էլեկտրական էներգիայի միջպետական առևտրի խթանման, էներգամատակարարման հուսալիության, էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի, ջրի մատակարարման և տրանսպորտի ոլորտներում հանրային ծառայությունների կարգավորման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության, ջերմային էներգետիկայի, հիդրոէներգետիկայի, հողմաէներգետիկայի, արևային էներգետիկայի զարգացման, միջուկային էներգետիկայի, միջուկային և ռադիացիոն անվտանգության հսկողության, միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, ատոմային էներգիայի օգտագործման, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության, շրջակա միջավայրի` հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման ու վերարտադրության ոլորտի քաղաքականության, շրջակա միջավայրի վիճակի, շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության և դրանց աղբյուրների բացահայտման, կանաչ տնտեսության խթանման ու անտառածածկ տարածքների ընդլայնմանն ուղղված քաղաքականության, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության ու կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում քաղաքականության, էկոտուրիզմի զարգացման, կենսաբազմազանության անվտանգության ապահովման, ջրային ռեսուրսների կառավարման ու պահպանության, քիմիական նյութերի, վտանգավոր նյութերի, թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման, օգտահանման, օգտագործման, թափոնների գոյացման և դրանց վնասակար ազդեցության նվազեցման քաղաքականության, ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի պահպանության, բնապահպանական կորուստների կանխարգելման և նվազեցման, հողերի կայուն կառավարման համատեքստում հողերի օգտագործման, հողերի որակի վատթարացման, աղտոտման և դեգրադացիայի կանխման պետական քաղաքականության, բնապահպանության և ընդերքի ոլորտներում ռիսկերի կառավարման, բնական ռեսուրսների ոչ բանական օգտագործման կանխարգելիչ կամ նվազեցման, քաղաքաշինության բնագավառի զարգացման, տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, շինարարության կազմակերպման և գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդիականացման, բնակավայրերի պատմաճարտարապետական միջավայրի քաղաքաշինական վերականգնման ու զարգացման, ճարտարապետության բնագավառի զարգացման, քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների զարգացման, գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների և օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման, անշարժ գույքի գնահատման, հողի հարկի, գույքահարկի բազայի ստեղծման, բազմաբնույթ կադաստրների վարման նպատակով անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների գնահատման մեթոդիկայի, գեոդեզիայի և քարտեզագրության, աշխարհագրական անվանումների պետական գրանցման, երկրատեղեկատվական համակարգերի, հողային հարաբերությունների կարգավորման, հողային քաղաքականության, հողային ֆոնդի, հողային հաշվեկշռի, հողային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտներին առնչվող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրություն կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին: Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է մասնագիտական փորձաքննություն, տալիս է իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ.
2) նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութեր և տեղեկանքներ, իր իրավասության շրջանակներում իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացրած հաշվետվությունների ամփոփում ու վերլուծություն.
3) իրականացնում է հսկողություն իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ.
4) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր.
5) ապահովում է կառավարության նիստում հավանության արժանացած իր գործունեության ոլորտների վերաբերյալ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերջնական փաթեթի (նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, եզրակացություն, առկայության դեպքում ԿԱԳ-եր) տրամադրումն Ազգային ժողովի հետ կապերի վարչություն՝ վերջինիս կողմից դրանք սույն կանոնադրության 31-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու նպատակով.
6) նախապատրաստում և կազմակերպում է նախարարական տարածքային զարգացման ու շրջակա միջավայրի կոմիտեի նիստերը».
4) հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) իրականացնում է Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի կազմակերպման, պետական պարտքի, գանձապետական համակարգի, պետական գնումների, հաշվապահական հաշվառման, աուդիտի, մակրոտնտեսական քաղաքականության, հարկային և մաքսային քաղաքականության, ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկաների, խաղային գործի և գրավատների գործունեության, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական համակարգի, թանկարժեք մետաղների, պետական շահաբաժինների, Հաշվեքննիչ պալատի բյուջեի կատարման, մասնավորեցման, վարկային միջոցների օգտագործման մասին եզրակացությունների, պետական գույքի կառավարման ոլորտի հետ կապված հարցերի, այդ թվում` պետությանը պատկանող գույքի օտարման, օգտագործման, պետական սեփականության շենքերի և տարածքների օգտագործման, պետությանը պատկանող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների լուծարման, մասնավորեցման և վերակազմակերպման, պետական գույքի կառավարման, բնակարանային (այդ թվում՝ փախստականների) քաղաքականության, տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության, բիզնես միջավայրի (այդ թվում` չափումների միասնականություն, համապատասխանության գնահատում, ստանդարտացում, սերտիֆիկացում), առևտրի, ձեռնարկատիրական գործունեության և ներդրումային քաղաքականության, պետությունմասնավոր գործընկերության, զբոսաշրջության, մտավոր սեփականության պաշտպանության, սպառողների շահերի պաշտպանության, տնտեսական մրցակցության պաշտպանության, տարածքային տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստի, ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, փոստային կապի և հեռահաղորդակցության ոլորտներում հանրային ծառայությունների կարգավորման, քաղաքացիական ավիացիայի, թվարկված ոլորտներին առնչվող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրություն կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է մասնագիտական փորձաքննություն, տալիս է իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ.».
5) հավելվածի 41-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) վերլուծում է պետական կառավարման համակարգի մարմիններից և մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնում քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների կամ բողոքների լուծման վերաբերյալ, ինչպես նաև վարչապետին ու աշխատակազմի ղեկավարին տրամադրում է պետական կառավարման համակարգի մարմինների կողմից լուծում չստացած, քաղաքացու կողմից բարձրացված հարցերի հնարավոր լուծման այլընտրանքային տարբերակներ.».
6) հավելվածի 41-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«8) ուսումնասիրում, վերլուծում և առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման համակարգի մարմիններում ու տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիներից ստացված դիմումների բնույթի, քննարկման գործընթացի արդյունավետության, դիմումներին տրվող պատասխանների ձևաչափի և բովանդակության վերաբերյալ.
9) անհրաժեշտության դեպքերում մասնակցում է պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ու մարզպետների կողմից քաղաքացիների ընդունելությանը.».
7) hավելվածի 43-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կազմակերպում է վարչապետի աշխատակազմի և կառավարությանը ենթակա մարմինների գնումների գործընթացը.
3) վերահսկողություն է իրականացնում աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացման նկատմամբ.».
8) hավելվածի 43-րդ կետի՝
ա. 4-րդ ենթակետից հանել «, ավտոտրանսպորտային և բժշկական սպասարկումը» բառերը,
բ. 6-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև ապահովում է աշխատակազմում սննդի սպասարկման ծառայությունը» բառերը.
9) hավելվածի 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«5) կազմակերպում կամ մասնակցում է աշխատակազմ մուտք գործած՝ ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերին վերաբերող բոլոր տեսակի առաջարկությունների կամ խնդիրների լուծման նպատակով կազմակերպվող քննարկումներին.
6) իրականացնում է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի գործունեության կազմակերպչական աշխատանքները.
7) իրականացնում է պարբերական հանդիպումներ ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների հետ և զեկուցագրեր պատրաստում իրավիճակի և բացահայտված խնդիրների մասին, մասնակցում նրանց միջոցառումներին.
8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող գումարի բաշխման նախապատրաստական աշխատանքները, նախապատրաստում նվիրատվության պայմանագրերը, հավաքում ազգային փոքրամասնությունների ՀԿ-երի կողմից սույն գումարի օգտագործման մասին հաշվետվությունների հավաքումն ու ամփոփումը.
9) իրականացնում է www.gov.am պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրումն ու թարմացումը:».
10) հավելվածի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. Առաջին բաժինը՝
1) ապահովում է աշխատակազմում գաղտնի գործավարության և գաղտնիության ռեժիմի պահպանման հետ կապված աշխատանքները.
2) իրականացնում է գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ընդունման, գրանցման, ղեկավարին զեկուցման, կատարման, քննարկման արդյունքում որոշումների ընդունման, գաղտնի փաստաթղթերի պահպանման, հաշվառման, առաքման, արխիվացման աշխատանքները.
3) իրականացնում է կառավարության նիստերին քննարկվող գաղտնի և հույժ գաղտնի նախագծերի նախապես առաքումը և համապատասխան նյութերի տրամադրումը կառավարության անդամներին.
4) կատարում է հատուկ նշանակության աշխատատեղի, ինչպես նաև ծածկագրային փաստաթղթային կապի միջպետական համակարգի բաժանորդային կետի գործառույթների անխափան իրականացման աշխատանքները.
5) իրականացնում է պահպանման ժամկետները լրացած գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման և պետական արխիվ հանձնման կամ ոչնչացման աշխատանքները.
6) կատարում է վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հատուկ հանձնարարականները.
7) կատարում է վարչապետի և կառավարության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող որոշումների ձևակերպման աշխատանքները և իրականացնում է առաքումը համապատասխան մարմիններ.
8) իրականացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա պաշտոնների անվանակարգության մեջ ընդգրկված պաշտոններ զբաղեցնող անձանց համապատասխան ձևի թույլտվության ձևակերպումը, հաշվառումը և թույլտվություն ստացած անձանց հրահանգավորումը.
9) վարչապետի աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջին բաժնի կողմից կատարված աշխատանքների մասին տարեկան հաշվետվությունը.
10) մշակում է իր գործունեության ոլորտի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:».
11) հավելվածի 48-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) իրականացնում է՝ primeminister.am, www.gov.am, e-gov.am, eiti.am, gallery.am, ftp.gov.am, intranet.am, nist.am, mail.gov.am, anticorruption.am, e-payments.am, e-permits.am կայքերի անխափան աշխատանքի ապահովումը, նշված կայքերում առաջադրված նոր պահանջների ապահովումը.».
12) հավելվածի 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով.
«6) նախապատրաստում է վարչապետի կողմից իրականացվող պարգևատրումների վերաբերյալ համապատասխան որոշումների նախագծերը.
7) իր իրավասության սահմաններում, վարչապետի կողմից պարգևների և պետական մրցանակների հանձնման դեպքում, իր գործառույթների մասով ապահովում է պարգևատրումների հետ կապված արարողությունների կազմակերպումը և իրականացումը.
8) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, մասնակցում այդ ոլորտների վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների աշխատանքներին:».
13) որոշման N 2 հավելվածի 8-րդ կետում «Պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի» բառերը փոխարինել «Պետաիրավական» բառով:

 


 

Արխիվ

2024

2023