Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2021, 1442 - Ա

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1986-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ Արդարադատության նախարարությանը վերապահված ոլորտների 2.1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը`
1. Սկսել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշմամբ ստեղծված` սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի լուծարման և սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը:
2. Սահմանել, որ՝
1) սահմանադրական բարեփոխումների խորհրդի (այսուհետ՝ նաև խորհուրդ) ձևավորման ժամանակ խորհրդի կազմում ընդգրկվելու են՝
ա. ի պաշտոնե՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, ով նաև ի պաշտոնե հանդիսանալու է խորհրդի նախագահը,
բ. ի պաշտոնե՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը,
գ. ի պաշտոնե՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ),
դ. ի պաշտոնե՝ Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ),
ե. մեկական պատգամավոր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությունից (համաձայնությամբ),
զ. մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից (համաձայնությամբ),
է. Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ (համաձայնությամբ), ընդ որում, ներկայացուցիչների առաջադրման գործընթացին կարող են մասնակցել ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առնվազն երկու ընտրությունների մասնակցած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները),
ը. Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ (համաձայնությամբ), ընդ որում, ներկայացուցիչների առաջադրման գործընթացին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ նշված ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ, խորհրդի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարական համակարգի ամրապնդման, օրենսդրության կատարելագործման, դատաիրավական համակարգի զարգացման ոլորտներում ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անընդմեջ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների երկու ներկայացուցիչ.
3) խորհուրդը համարվելու է ձևավորված սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անդամների՝ խորհրդի կազմում ընդգրկվելու դեպքում: Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «գ»-«ը» պարբերություններում նշված որևէ անդամի՝ խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ համաձայնություն չներկայացվելու կամ համապատասխան անդամի թեկնածություն չառաջադրվելու դեպքում խորհուրդը կարող է ձևավորվել առանց այդ անդամին խորհրդի կազմում ընդգրկելու.
4) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «է» և «ը» պարբերություններում նշված խորհրդի անդամների թեկնածուների ընտրությունը կատարվելու է սույն որոշումն ընդունվելու օրվանից հետո 20-օրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մրցույթ հայտարարվելու միջոցով: Թեկնածուների ընտրության ընթացքում հաշվի է առնվելու առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը, սեռերի հավասար ներկայացվածության ապահովման անհրաժեշտությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ.
5) խորհրդի կողմից մրցութային ընթացակարգով ձևավորվելու և գործելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)` կազմված հինգ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող իրավաբաններ: Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամներից երկուսը կարող են հանդիսանալ խորհրդի սահմանած չափանիշները բավարարող այլ ոլորտի մասնագետներ.
6) հանձնաժողովի անդամների ընտրությունը կատարվելու է խորհրդի կողմից՝ խորհրդի գործունեության կարգին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում կազմել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման, խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնա-գիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց սկսելու մասին» N 1986-Ա որոշումը:

 

Արխիվ

2022

2021