Վարչապետի որոշումներ

11 Օգոստոսի 2022, 921 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով՝
1. Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ստեղծել քաղաքացիների
հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչություն:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի
«Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու
մասին» N 564-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ
բովանդակությամբ նոր՝ 11.1-ին ենթակետով.
«11.1) իրականացնում է ծառայությունների մատուցման պետական քաղաքականության և որակի կառավարման ազգային համակարգի շրջանակներում
քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկում և որակի գնահատում
հասանելի հաղորդակցության միջոցներով և համակարգերով (այդ թվում՝ թվային
և էլեկտրոնային), քաղաքացիների կարծիքի և բավարարվածության ուսումնասիրություն».
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 42.1-ին կետով.
«42.1. Քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչությունը՝
1) ապահովում է ծառայությունների մատուցման պետական քաղաքականության և որակի կառավարման ազգային համակարգի շրջանակներում քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման շրջանակի մշակումը, ներդրումը և արդիականացումը.
2) ապահովում է քաղաքացիների հետ հետադարձ կապի և այդ կապն
ապահովող կառավարման համակարգերի արդյունավետ գործունեությունը.
3) ապահովում է քաղաքացիների հետ հետադարձ կապն ապահովող
հաղորդակցության միջոցների, էլեկտրոնային կառավարման համակարգերի
ներդաշնակեցված և համակցված աշխատանքը.
4) ապահովում է քաղաքացիների հետ հետադարձ կապի գործող համակարգերի, այդ թվում՝ էլեկտրոնային/թվային կառավարման համակարգերի հասանելիությունը.
5) իրականացնում է քաղաքացիների հետ հետադարձ կապի հասանելի
մեխանիզմների և համակարգերի միջոցով ստացվող տվյալների և տեղեկատվության մշակումը և դասակարգումը.
6) ապահովում է ծառայությունների պետական քաղաքականության և որակի
կառավարման ազգային համակարգի շրջանակներում քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման արդյունքների վերլուծության, կարծիքի և բավարարվածության ուսումնասիրության, հնարավոր ռիսկերի բացահայտման և
դրանց հաղորդակցման աշխատանքները.
7) վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքների հիման
վրա համապատասխան մարմիններին տրամադրում է խորհրդատվական բնույթի
առաջարկություններ՝ ի նպաստ ծառայությունների որակի բարելավման.
8) ներկայացնում է վերլուծական ամփոփ տեղեկանքներ, զեկույցներ, հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին.
9) ապահովում է քաղաքացիների հետ հետադարձ կապի մոնիթորինգի և
ուսումնասիրությունների արդյունքների ամենամյա հաշվետվության կազմման և
մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը հրապարակման
աշխատանքները:».
3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.
«13.1. Քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչություն:»:
 

Արխիվ

2024

2023