Վարչապետի որոշումներ

7 Փետրվարի 2005, 67 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան ու Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման և առկա սահմանային վիճելի հարցերը կարգավորելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ըստ պատրաստվածության` Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել`

ա) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների կամ առանձին տարածաշրջանների սահմանների նկարագրման նյութերը` տեղանշված 1:25000 կամ 1:50000 մասշտաբի կադաստրային հանույթի վրա, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի սահմանների նկարագրի տեքստային մասը.

բ) համայնքների միջև առկա սահմանային վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով:

3. Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` անհրաժեշտության դեպքում մասնակից դարձնելով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.

բ) քննարկման արդյունքները 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 13-ի N 667 որոշման 1, 2, 3 և 4-րդ կետերը: