Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2007, 1583 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿՐՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի կրող կոնստրուկցիաների ուժեղացման և շինարարության ավարտման աշխատանքներն ընդգրկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2008 թվականի բնակարանային շինարարության ծրագրում:

2. Հաստատել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 բազմաբնակարան շենքի բնակարանների կառուցվածքը` ըստ սենյակների թվի` համաձայն N 1 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ավարտից հետո շենքի 120 բնակարանից`

ա. 90 բնակարան` սեփականության իրավունքով տրամադրվում են Երևան քաղաքի նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի անդամներին` համաձայն N 2 հավելվածի,

բ. 30 բնակարան` հանձնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինմանը` համաձայն N 3 հավելվածի.

2) սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց բնակարանները շահագործման են հանձնվում բնակարանների մուտքի և արտաքին դռների, լուսամուտների ու ներքին միջնորմների տեղադրմամբ` առանց ներքին հարդարման աշխատանքների, ինժեներական ցանցերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման.

3) սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշմամբ նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերի կողմից ներդրված միջոցների չօգտագործված մասի դիմաց պետական օգնության տրամադրման մասով ամրագրված պետական պարտավորությունները համարվում են դադարեցված.

4) նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվում միջոցներ ներդնելու կապակցությամբ կատարված վճարումները հավաստող փաստաթղթերի բնօրինակները մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը չներկայացնելու պատճառով սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում չընդգրկված, նշված բնակարանաշինարարական կոոպերատիվի 30 փայատերին` Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց կտրամադրվի դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված հերթականությամբ` 2010 թվականին: Ընդ որում, յուրաքանչյուր փայատերի տրամադրման ենթակա օգնության գումարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգի 7-րդ կետի համաձայն` առանց հաշվի առնելու փայատիրոջ համար նախատեսված բնակելի տան նախահաշվային արժեքի ու շինարարության օբյեկտի ընդհանուր նախահաշվային արժեքի նկատմամբ անավարտ շինարարության փաստացի կատարողականի ցուցանիշները:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի և դրա կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023