Կառավարության որոշումներ

18 Սեպտեմբերի 2008, 1064 - Ն

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԸ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին և 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ջերմուկ քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն:

2. Հաստատել Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովել Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի մշակումը և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներին և գերակա խնդիրներին համապատասխան.

2) Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի մշակման գործընթացում ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավումը։

4. Սահմանել, որ`

1) Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը մշակվում է` հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագիծը.

2) անհրաժեշտության դեպքում Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծում կարող են կատարվել փոփոխություններ` Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրին համապատասխան:

Հավելված  ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1064 - Ն որոշման

 ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ  ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2008 թվականի փետրվարի 13-ին հավանության արժանացած զբոսաշրջության զարգացման հայեցակարգի` զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում զբոսաշրջության ներդրումը մեծացնելն է` պայմանավորված`

1) զբոսաշրջային այցելությունների թվի աճով.

2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ.

3) աշխատատեղերի ստեղծմամբ:

2. Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ նոր, մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման, զբոսաշրջային սեզոնի երկարաձգման միջոցով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացումը, Հայաստանի համայնքներում զբոսաշրջության զարգացումը պետական քաղաքականության նպատակների իրականացմանն ուղղված հիմնական խնդիրներից են:

3. «Հայաստանը` կազմակերպված հանգստի կենտրոն» համազգային նախագիծը, որն ուղղված է զբոսաշրջության զարգացման հայեցակարգով նախատեսված պետական քաղաքականության խնդիրների լուծմանը և, ըստ էության, այդ հայեցակարգից բխող 2008-2012 թվականների միջոցառումների ծրագիր է, ներառում է առողջարանային, ձմեռային զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև Հայաստանի համայնքներում զբոսաշրջության զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը, ինչից և բխում է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի մշակումը և իրականացումը:

4. Առողջարանային ռեսուրսներով հարուստ Հայաստանում Ջերմուկ քաղաքն իր ուրույն տեղն ու ավանդույթներն ունի: Խորհրդային տարիներին այն համամիութենական նշանակության առողջարանային քաղաք էր, որը տարեկան ընդունում էր ավելի քան 20000 զբոսաշրջիկների: Խորհրդային Միության փլուզմամբ պայմանավորված` ռուսական և նախկին խորհրդային հանրապետությունների շուկան կորցնելուց հետո Ջերմուկն այսօր տարեկան հյուրընկալում է շուրջ 5000 զբոսաշրջիկների:

5. Իր բնակլիմայական պայմաններով, ազգային առանձնահատկություններով ու ավանդույթներով և արդեն իսկ զարգացող ենթակառուցվածքներով (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 1,3 մլրդ դրամի ներդրմամբ կառուցվել և 2007 թվականից գործում է միջազգային չափանիշներով նորագույն տեխնոլոգիաներին համապատասխանող ճոպանուղի` իր դահուկուղիներով) քաղաքը լուրջ հեռանկար ունի համաշխարհային հեղինակավոր զբոսաշրջավայրերին այլընտրանքային առողջարանային ու ձմեռային զբոսաշրջային կենտրոն դառնալու և համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր տեղն ու դերն ունենալու:

6. Համաշխարհային առողջարանային արդյունաբերությունը դինամիկ զարգանում է: Գնալով, աճում են թե՛ առողջարանային ծառայությունների նկատմամբ պահանջարկը և թե՛ մրցակցությունը` նմանատիպ ծառայություններ մատուցող զբոսաշրջավայրերի միջև:

7. 2007 թվականի տվյալների համաձայն աշխարհում գործում է 71600 առողջարան` 1,2 մլն աշխատատեղով: Առողջարանային ոլորտում կատարվող կապիտալ ներդրումները հասել են 13 մլրդ-ի և շարունակաբար աճում են, իսկ համաշխարհային առողջարանային արդյունաբերության տարեկան շրջանառությունը` 255 մլրդ ԱՄՆ-ի դոլարի:

8. Համաշխարհային ձմեռային զբոսաշրջային արդյունաբերությունը հանդես է գալիս 275 զբոսաշրջավայրով, տարեկան 80 մլն զբոսաշրջիկով և 64 մլրդ տարեկան եկամտով:

9. Ջերմուկն իր տաք հանքային ջրերով (կազմությամբ և բուժիչ հատկություններով) չափազանց մոտ է չեխական հեղինակավոր Կառլովի Վարի առողջարանային քաղաքին, որտեղ 2008 թվականի վիճակագրական տվյալներով ամսական միջինը 10000 զբոսաշրջիկ է այցելում:

10. Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ջերմուկի բնությունը նույնպես չի զիջում Կառլովի Վարիին, ինչպես նաև ձմեռային և այլ զբոսաշրջության ձևերի զարգացման հնարավորությունները Ջերմուկում, ապա նպատակային ծրագրի իրականացման (անհրաժեշտ ներդրումների ապահովմամբ), դրա շրջանակներում բոլոր շահագրգիռ կողմերի (պետական և մասնավոր) ակտիվ ու արդյունավետ համագործակցության դեպքում Ջերմուկ քաղաքի` համաշխարհային հեղինակավոր զբոսաշրջավայրերին այլընտրանքային զբոսաշրջավայրի վերածվելու հեռանկարն իրականանալի է:

II. ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

11. Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներն են` մինչև 2012 թվականը`

1) Ջերմուկ քաղաքը միջազգային չափանիշներին համապատասխանող, տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն դարձնելը` այն զարգացնելով որպես`

ա. առողջարանային և ձմեռային զբոսաշրջային կենտրոն,

բ. շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն,

գ. համահայկական, ինչպես նաև միջազգային մանկապատանեկան և երիտասարդական ճամբարատեղի,

դ. մշակութային զբոսաշրջության կենտրոն.

2) տարեկան 100 հազ. զբոսաշրջային այցելության ապահովումը.

3) զբոսաշրջությունից ստացվող եկամուտը տարեկան 100 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի հասցնելը.

4) 4000 լրացուցիչ աշխատատեղի ապահովումը:

 III. ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

12. Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի գերակա խնդիրներն են`

1) քաղաքի ենթակառուցվածքների ձևավորումը և զարգացումը` քաղաքի ազգային նկարագրին, առանձնահատկություններին ու ավանդույթներին, պատմամշակութային ժառանգությանը հարիր, միջազգային չափանիշներին համապատասխանող, լիարժեք ավարտված, խնամված և գրավիչ ճարտարապետական միջավայրի տեսլականին համապատասխան.

2) քաղաքի տրանսպորտային համակարգի բարելավումը` քաղաքն ապահովելով էկոլոգիապես մաքուր տրանսպորտով (էլեկտրատրանսպորտ, ձիակառքեր, հեծանիվներ, ճոպանուղիներ), իսկ քաղաքի մատույցները` ավտոկայանատեղիներով.

3) քաղաքի` բարձրորակ ինտերնետ կապով ապահովումը.

4) Ջերմուկի առողջարանների` եվրոպական բարձրակարգ ծառայություններ մատուցող առողջարանների ցանցին ինտեգրումը.

5) քաղաքը շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն դարձնելը.

6) քաղաքում առանձին ծառայություններով մասնագիտացված թաղամասերի, փողոցների, ինչպես նաև ավանդական արհեստագործական շարքի ձևավորումը.

7) քաղաքը համահայկական, ինչպես նաև միջազգային մանկապատանեկան և երիտասարդական ճամբարատեղի դարձնելը.

8) մարդկային ռեսուրսների զարգացումը` ապահովելով կադրերի շարունակական պատրաստումը և վերապատրաստումը.

9) քաղաքի` այլընտրանքային ճանապարհներով և տրանսպորտային կապով ապահովումը.

10) Ջերմուկ քաղաքի` որպես համաշխարհային հեղինակավոր (ալպիական, չեխական, գերմանական) զբոսաշրջավայրերին այլընտրանքային առողջարանային, ձմեռային և պատմամշակութային զբոսաշրջային կենտրոնի նկարագրի ձևավորումը և այն միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելը.

11) Ջերմուկ քաղաքի` որպես տարվա չորս եղանակների, գրավիչ ու բարենպաստ զբոսաշրջային կենտրոնի նկարագրի ձևավորումը և այն միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելը.

12) նախադրյալների ստեղծումը` քաղաքի բնության ռեկրեացիոն ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման համար:

IV. ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

13. Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի գերակա խնդիրների իրականացման միջոցառումները հետևյալն են`

1) քաղաքի ենթակառուցվածքների նկատմամբ սույն հավելվածի 12-րդ կետի առաջին ենթակետով նախատեսված տեսլականին համապատասխանող չափանիշների սահմանում` բոլոր շահագրգիռ կողմերի (պետական և մասնավոր) մասնակցությամբ.

2) չափանիշների սահմանման գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով մրցույթների կազմակերպման և փորձագետների ներգրավման միջոցով պատկերավոր նյութերի պատրաստում (վիզուալիզացիա).

3) ընտրված վայրերում, զարգացման ծրագրին և սահմանված չափանիշներին ու պայմաններին համապատասխան կառուցապատումների նպատակով` մասնավոր ներդրողներին հողամասերի հատկացում` հողի նկատմամբ իրավունքների ձևակերպմամբ, «մեկ պատուհանի» սկզբունքով.

4) քաղաքի զարգացման ծրագրի իրականացման շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կամ այլ անշարժ գույքի ձեռքբերում` օրենքով սահմանված կարգով, շուկայական արժեքով փոխհատուցման կամ սեփականատերերի` իրականացվող ծրագրերին իրենց հայեցողությամբ մասնակցության ապահովման միջոցով, համագործակցելով ներդրողների հետ.

5) պատմամշակութային հուշարձանների, քաղաքաշինական միջավայրի պահպանության և կառուցապատման կարգավորման նպատակով Ջերմուկ քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիների նախագծի կազմում.

6) պետական միջոցներով պիլոտային, օրինակելի ենթակառուցվածքների ձևավորում` սահմանված չափանիշներին համապատասխան.

7) քաղաքում ենթակառուցվածքների ձևավորում և ցանկացած կառուցապատման իրականացում` բացառապես քաղաքի զարգացման ծրագրին ու սահմանված չափանիշներին համապատասխան.

8) Եվրոպական առողջարանների ասոցիացիայի հետ (ներառյալ դրանց որակավորումը` վերջինիս չափանիշներին համապատասխան) Ջերմուկի առողջարանների ակտիվ ու արդյունավետ համագործակցության ապահովում.

9) քաղաքում առողջարանային, ձմեռային և պատմամշակութային զբոսաշրջության մասնագիտացված կրթական հաստատության հիմնում` համագործակցելով լավագույն փորձ ունեցող միջազգային կրթական հաստատությունների հետ (մասնավորապես, շվեյցարական փորձի ներդրմամբ)` քաղաքը տարածաշրջանային կրթական կենտրոն դարձնելու հեռանկարով.

10) քաղաքում շախմատի միջազգային մրցաշարեր կազմակերպելու համար համապատասխան ենթակառուցվածքների, գրավիչ մրցանակային ֆոնդի, քաղաքի նկարագրի` որպես շախմատի հեղինակավոր միջազգային մրցաշարերի կենտրոնի ձևավորում, նման մրցաշարերի կազմակերպման ավանդույթների պահպանում և զարգացում.

11) մանկապատանեկան և երիտասարդական ճամբարների համար համապատասխան ենթակառուցվածքների ձևավորում, ժամանցի, մշակութային միջոցառումների կազմակերպման, երեխաների շփումն ու բարեկամությունն ապահովող ծրագրերի, քաղաքի` որպես համահայկական և միջազգային մանկապատանեկան ճամբարատեղիի մարքեթինգային ծրագրի մշակում.

12) Երևան քաղաքը հանրապետության հարավին կապող թունելի կառուցման ապահովում, ինչը, ճանապարհի զգալի կրճատման շնորհիվ, բացի զբոսաշրջային նշանակությունից, կարող է լինել առևտրատնտեսական լուրջ գործոն.

13) քաղաքի` ուղղաթիռների ու թեթև ինքնաթիռների համար օդանավակայանով ապահովում, համապատասխան երթուղիների կազմակերպում.

14) բանկային ծառայությունների բարելավում` զբոսաշրջային ծառայությունների մատուցումն առավել դյուրին ու մատչելի դարձնելու նպատակով.

15) Հայաստանի Հանրապետության բնության թանգարանի Ջերմուկի մասնաճյուղի հիմնում.

16) քաղաքում մշակույթի և ժամանցի կենտրոնի կառուցման ապահովում.

17) Ֆիդայիների ծառուղու ամբողջացում.

18) Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի մշակման և իրականացման ֆինանսավորման ու ներդրումների (պետական և մասնավոր) չափն ու կարգը սահմանող պլանի մշակում:

Արխիվ

2024

2023