Կառավարության որոշումներ

23 Սեպտեմբերի 2009, 1085 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի N 137-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ընդերքաբան», «Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Կապուտակ», «Նարեկ» հանգստյան տուն» փակ բաժնետիրական ընկերությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել «Ընդերքաբան», «Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Կապուտակ», «Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերությունների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) համապատասխան պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների բաժնետոմսերի հանձնում-ընդունումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների վերակազմակերպման աշխատանքների իրականացումը։
3. Թույլատրել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն անանուն առևտրի ռեժիմով մասնավորեցնել ֆոնդային բորսայի միջոցով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերության կանոններով նախատեսված սովորական բաց ստանդարտ աճուրդի եղանակով։ Ընդ որում, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման (վաճառքի) գինը չպետք է պակաս լինի սույն որոշման 4-րդ կետով սահմանված կարգով գնահատված մեկ բաժնետոմսի արժեքից։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների գնահատումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի N 137-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգով երկամսյա ժամկետում ավարտել բորսայի անդամ հանդիսացող` արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող ներդրումային ծառայություններ մատուցող անձանց ընտրությունը` որպես պայման նշելով, որ`
ա. տվյալ արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող ներդրումային ծառայություններ մատուցող անձը պետք է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատրաստի և գրանցման ներկայացնի ազդագիր,
բ. սույն որոշման 1-ին կետում նշված ընկերություններից յուրաքանչյուրի բաժնետոմսերը կարող են տեղաբաշխվել արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող մեկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից։
5. Սահմանել, որ այն ընկերությունները, որոնք վեցամսյա ժամկետում բորսայի միջոցով չեն մասնավորեցվի, ենթակա են մասնավորեցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևերով։
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի «Պետական գույքի մասնավորեցումը ֆոնդային բորսայի և այլ կարգավորվող շուկաների միջոցով իրականացնելու մասին» N 137-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023