Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2010, 380 - Ն

«ԶԻԿԱՏԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԶԻԿԱՏԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին, 8-րդ հոդվածի «ե» և «զ» ենթակետերին և 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Գուգարաց լեռնաշղթայի Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը« ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 150.0 հեկտար տարածքում ստեղծել «Զիկատար» պետական արգելավայր` ընդգրկելով Գուգարաց լեռնաշղթայի` Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները։
2. Հաստատել`
1) «Զիկատար» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և տարածքի չափը` 150.0 հեկտար.
2) «Զիկատար» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի։
3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 150.0 հեկտար անտառային հողերը, որից` 131.5 հեկտար անտառ, 8.2 հեկտար խոտհարք, 5.6 հեկտար պտղատու այգի, 1.8 հեկտար անտառային տնկարան, 1.7 հեկտար շենքերի և շինությունների տակ գտնվող հողեր, 1.2 հեկտար անտառային ճանապարհներ փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և հատկացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1587-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
«Զիկատար» պետական արգելավայրի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, բնության տարեգրության վարման, ինչպես նաև պետական արգելավայրի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը,
անտառաշինական աշխատանքների իրականացումը,
անտառ-էկոլոգիական գիտափորձարարական ուսումնասիրությունների և անտառի գենետիկական պաշարների պահպանության ու վերարտադրության գիտաներդրական փորձարկումների կազմակերպումն ու իրականացումը,
անտառային պաշարների մասին տեղեկատվական բանկի ստեղծումը և օգտագործման արդյունավետ ձևերի մշակումը,
կենսաբազմազանության պահպանման նպատակով արժեքավոր և հազվագյուտ տեսակների հավաքածուների կազմումը,
անտառագիտասփյուռ աշխատանքները, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստումը և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպումը.».
2) չեղյալ ճանաչել որոշման 3-րդ կետը.
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի։
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերի` սահմանված կարգով տրամադրումը։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` «Զիկատար» պետական արգելավայրի 150.0 հեկտար հողամասերի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել նշված կազմակերպության` սույն որոշմամբ հանձնվող անշարժ գույքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքների պետական գրանցումը։
8. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները կատարվելու են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին։
9. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվեկշռման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023