Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2010, 524 - Ա

ՍԻՆԽՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՐԱԳԱՑՈՒՑԻՉ ՀԵՆՔԻ ՎՐԱ «ՔԵՆԴԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1478-Ա որոշման և նկատի ունենալով Սինխրոտրոնային ճառագայթման արագացուցչի հենքի վրա «Քենդլ» միջազգային կենտրոնի նախագծի (այսուհետ` «Քենդլ» նախագիծ) իրականացման կարևորությունը Հայաստանի Հանրապետությունում առաջատար կիրառական գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Քենդլ» նախագծի արժեքի 25 տոկոսի սահմաններում ֆինանսական մասնակցություն ունենալու իր պատրաստակամությունը և հրավիրել օտարերկրյա պետություններին և միջազգային կառույցներին մասնակցելու «Քենդլ» միջազգային կենտրոնի կառուցմանը և օգտագործմանը։
2. Սահմանել, որ «Քենդլ» նախագծի իրականացման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն է։
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին`
1) «Քենդլ» գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Քենդլ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը և ժամանակացույցը, «Քենդլ» կենտրոնի կարգավիճակի և կառուցվածքի մասին առաջարկը, «Քենդլ» նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքների ծախսերի նախահաշիվը.
2) միջազգային դոնոր կազմակերպությունների և գիտական կենտրոնների հետ քննարկել «Քենդլ» նախագծի իրականացման ուղղությամբ միջազգային համագործակցության հնարավորությունները և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` «Քենդլ» գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ երկամսյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն «Քենդլ» նախագծի իրագործման համար համապատասխան մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև ասպիրանտական տեղերի հատկացման վերաբերյալ։
5. Սահմանել, որ «Քենդլ» նախագծի համակարգման համար ստեղծվում է խորհուրդ` Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ, իսկ խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
 

Արխիվ

2024

2023