Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2010, 737 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Ադամյան 14 հասցեում գտնվող` 4586,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները, 29,0 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0,362925 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) գնահատել և գնահատված արժեքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Սույն որոշման 1-ին կետի կատարման ավարտից հետո գույքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Միավորված ազգերի կազմակերպությանը (այսուհետ` ՄԱԿ)` սահմանելով, որ 0,362925 հեկտար հողամասից 0,0138 հեկտարն ընդհանուր օգտագործման հողամաս է ՄԱԿ-ի և «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի համար։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ՄԱԿ-ի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` ՄԱԿ-ի միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023