Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2010, 793 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Բաղրամյանի պոլիկլինիկա և մոր ու մանկան պահպանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող` 14243.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեք և 708.22 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող նախկին մասնաշենքով (այսուհետ` գույք) և դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.165 հեկտար հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց` գույքն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքին` որպես գյուղապետարանի վարչական շենք օգտագործելու պայմանով։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված առանձնացման արդյունքում առաջացած ավելացված արժեքի հարկը պետք է վճարվի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետի պահանջներին համապատասխան։
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքի միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Բաղրամյանի պոլիկլինիկա և մոր ու մանկան պահպանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի` համապատասխան չափով փոփոխությունը և դրա պետական գրանցումը։
 

Արխիվ

2024

2023