Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 1203 - Ն

ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող շենք-շինությունները, այդ թվում՝ հասարակական նշանակություն ունեցող ուսումնական մասնաշենքը` 5168,15 քառ. մետր, նկուղը` 54,66 քառ. մետր, արհեստանոցը` 204,45 քառ. մետր, արհեստանոցի նկուղը` 130,13 քառ. մետր մակերեսներով, սպասարկման համար անհրաժեշտ 0,380585 հեկտար հողամասերը և Հակոբյան 39 հասցեում գտնվող՝ 978.90 քառ. մետր ընդհանուր մակերեսով մարզադահլիճը` 0.107748 հեկտար հողամասերով (այսուհետ` գույք):
2. Գույքը վարձակալության իրավունքով, 15 տարի ժամկետով հանձնել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամին` Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունն ապահովելու նպատակով օգտագործելու պայմանով:
3. Սահմանել, որ գույքի վարձակալության դիմաց հաշվարկվող վարձակալական վճարներն ամբողջությամբ թողնվում են Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրինությանը` որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամում կատարվող կամավոր գույքային վճար:
4. Ընդունել ի գիտություն, որ Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` գույքը կարող է վերադարձվել սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետից շուտ` առնվազն 10 տարին լրանալուց հետո, եթե՝
1) Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ընդունի որոշում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գայի 1 հասցեում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ.
2) «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր վրա է վերցնում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունն ապահովելու գործառույթը՝ այն դեպքում, երբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն արդեն ապահովել է իր գործունեության կենսունակությունը` հետևյալ չափանիշներով՝
ա. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ստեղծել է տնտեսական և սոցիալական արժեք, որը համարժեք է պետության կողմից իրականացված ներդրումներին,
բ. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ի վիճակի է շարունակել մատուցել նախատեսված ծառայությունները` համեմատելի պայմաններով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2004 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը.
2) պայմանագիրը լուծելուց հետո 15-օրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:
6. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետում սահմանված դրույթներից որևէ մեկի ապահովման դեպքում գույքը ենթակա է անհատույց օգտագործման իրավունքով հանձնման «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արխիվ

2024

2023