Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2010, 1234 - Ն

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես հումանիտար օգնություն հատկացվող 5,0 հազ. տոննա պարենային ցորենի և 1,0 հազ. տոննա զտված արևածաղկի ձեթի պահպանման տեղամասեր տեղափոխման և պահեստավորման հետ կապված 12,28 մլն դրամի չափով ծախսերի ֆինանսավորումը թույլատրել իրականացնել 2010 թվականի երկրորդ կիսամսյակում` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանը 2010 թվականի համար նախատեսված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման գումարների հաշվին` <<Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառույթների իրականացում>> ծրագրով։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների ծախսերի ֆինանսավորումը կատարել N N 1 և 2 հավելվածների մասով` փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, իսկ N 3 հավելվածի մասով` կանխավճարային կարգով.
2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում նշված գործարքներն իրականացվում են <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետի հիման վրա <<ՀԿԵ>> փակ բաժնետիրական ընկերությունից մրցակցությամբ պայմանավորված մեկ անձից գնման ձևով, իսկ N 3 հավելվածում նշված գործարքներն իրականացվում են 22-րդ հոդվածի <<ա>> կետի հիման վրա` պայմանավորված այն հանգամանքով, որ ստեղծված իրավիճակի հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է։
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել բեռի ընդունման, տեղափոխման, պահեստավորման, պահպանման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների իրականացումը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության միջոցով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին>> N 1522-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն N 4 հավելվածի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023