Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2010, 1465 - Ն

ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՈՒ ՌԵՑԻՊԻԵՆՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) մահից հետո անձի կողմից (իր կենդանության օրոք տրված) որպես օրգանների և հյուսվածքների դիակային դոնոր հանդես գալուց հրաժարվելու մասին հայտարարության ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) բժշկական հաստատություններում մահից հետո անձի կողմից (իր կենդանության օրոք տրված) որպես օրգանների և հյուսվածքների դիակային դոնոր հանդիսանալուց հրաժարված անձանց մասին տեղեկությունների գրանցամատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրից տրամադրվող տեղեկանքի ձևը` համաձայն N 4 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմում կազմակերպել օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործարկման աշխատանքները` նշանակելով ռեեստրի գործունեության համար պատասխանատու ստորաբաժանում և պատասխանատու անձ։
3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի 420-Ն որոշմամբ սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժիշկ կամ թերապևտ) մոտ գրանցվելու ժամանակ, քաղաքացին ծանուցվում է մահից հետո անձի կողմից (իր կենդանության օրոք տրված) որպես օրգանների և հյուսվածքների դիակային դոնոր հանդես գալուց հրաժարվելու մասին հայտարարության ձևի վերաբերյալ, ինչի մասին գրառում է կատարվում քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում։
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժիշկ կամ թերապևտ) մոտ գրանցված քաղաքացին ծանուցվում է մահից հետո անձի կողմից (իր կենդանության օրոք տրված) որպես օրգանների և հյուսվածքների դիակային դոնոր հանդես գալուց հրաժարվելու մասին հայտարարության ձևի մասին, սույն որոշումն ընդունվելուց հետո առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկին (ընտանեկան բժիշկ կամ թերապևտ) դիմելու առաջին դեպքի ժամանակ, ինչի վերաբերյալ գրառում է կատարվում քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։
Հավելված

Արխիվ

2024

2023