Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 143 - Ն

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մարդու կյանքի և առողջության պահպանման, շրջակա միջավայրի պահպանության գծով պաշտպանական ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
2. Հաստատել՝
1) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, սահմանելով, որ պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերն ու պատմամշակութային նշանակություն ունեցող գույքը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողերը, նվազագույն ամսական աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը.
3) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող անշարժ գույքի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի։
3. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
4. Սահմանել, որ՝
1) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝
ա. Հայաստանի Հանրապետության ականապատ տարածքների ականազերծումը, տեղադրված, սակայն չպայթած արկերի և ականների հայտնաբերումն ու ոչնչացումը,
բ. Հայաստանի Հանրապետությունում ժամկետանց կամ կիրարկման համար ոչ պիտանի՝ ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի, դրանց լիցքերի, կրիչների, գործարկիչների, բաղադրիչների, համալրող սարքերի և վնասակար թափոնների ու նյութերի ուտիլիզացման, ոչնչացման և կոնսերվացման պետական ծրագրերին մասնակցությունը և դրանց իրականացումն ու դրա արդյունքում ստացված արժեքների՝ հանրօգուտ նպատակներին ուղղումը,
գ. ռազմական նշանակություն ունեցող արտադրանք համարվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկին արժեքների պատկանելության վերաբերյալ պետական մարմիններին՝ վերջիններիս հարցման հիման վրա փորձագիտական եզրակացություն տրամադրելը,
դ. ռազմական նշանակություն ունեցող արտադրանք համարվող արժեքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման նկատմամբ հսկողության նպատակով լիցենզավորված անձանց՝ ներկազմակերպական ծրագրի համակարգի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը և դրա ձևավորմանն աջակցությունը.
2) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝
ա. ականապատ տարածքներում ականների պայթյունից խաղաղ բնակիչների զոհվելու հնարավորության բացառումը,
բ. պետական կառավարման մարմինների հարցման հիման վրա ապրանքների` հսկվող ապրանքների ցանկին պատկանելու վերաբերյալ եզրակացության տրամադրումը:
5. Թույլատրել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել իր գործառույթների ոլորտին առնչվող ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) գիտատեխնիկական, փորձարարական, խորհրդատվական ծառայությունների մատուցում, դիագնոստիկա, փորձարկում, զննում.
2) լաբորատոր ուսումնասիրությունների, հետազոտությունների և փորձարկումների իրականացում.
3) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանն առնչվող ուսուցողական-մեթոդական ձեռնարկների, բուկլետների, պլակատների կազմում և տպագրություն, թեմատիկ խորհրդանշանների և հուշանվերների արտադրություն.
4) մասնագիտական ուսումնական դասընթացների իրականացում։
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023