Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1241 - Ն

«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ ու 36-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը (քաղ. Երեվան, Մոլդովական 70/1) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 170.315.018 դրամ արժեք, 20949.41 քառ. մետր մակերես և 2.642487 հեկտար հողամաս ունեցող գույքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Ստեղծել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
6. Հաստատել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
7. Սահմանել, որ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման աշխատանքների իրականացումը.
2) հանրակացարաններում բնակվողների սպասարկման գործառույթների իրականացումը:
8. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը`
1) գրանցել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն.
2) իր զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասով ամրացնել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
9. Սահմանել, որ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում պետական սեփականություն հանդիսացող հողեր, նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք:
10. Թույլատրել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` տարածքի` վարձակալությամբ տրամադրում:
11. «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը:
12. Սահմանել, որ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ծախսերը կատարվում են սեփական միջոցների հաշվին:
13. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացված գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հատկացնել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
14. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հանրակացարաններ փակ բաժնետիրական ընկերությունը.
3) լուծարման գործընթացը սահմանված կարգով իրականացնելու նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով և դրա կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում նշված մարմինների ներկայացուցիչներին:
15. Սահմանել, որ «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ հանձնաժողովը պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը հանձնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վաչության տնօրինությանը:

Հավելված


 

Արխիվ

2024

2023