Կառավարության որոշումներ

24 Նոյեմբերի 2011, 1686 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունները» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նաև հանրակրթական և (կամ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր:».
3) 2-րդ կետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով.
«2.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային պետական քոլեջի գործունեության հիմնական նպատակներն են՝
1) կրթական առաջավոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ դառնալ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացման առավել մեծ ներուժ ունեցող լիարժեք կառույց՝ գերազանցության և տարածաշրջանային ռեսուրսային կենտրոն՝ ստանձնելով բարեփոխումներն առաջնորդողի, տարածողի դերը.
2) իր մարզի, համայնքի ու երկրի զարգացման պահանջների բավարարմանը և մասնագիտական կրթության համակարգի զարգացմանն ուղղված մասնագիտական, կառավարչական, ուսումնամեթոդական, գիտամանկավարժական, մշակութային, նյութատեխնիկական ներուժի ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև հարակից ուսումնական հաստատությունների զարգացմանն օժանդակելը.
3) մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում նորարարությունների, ինչպես նաև տեղայնացված առաջավոր միջազգային փորձի ներդրումը, զարգացումն ու տարածումը, կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրումը և տեղայնացումը, կրթության գլոբալ համակարգերին ինտեգրումը.
4) աշխատանքային շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետների պատրաստումը (վերապատրաստումը, մասնագետների որակավորման բարձրացումը և վերաորակավորումը).
5) ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու ակտիվ քաղաքացու համակողմանի ձևավորումը.
6) ուսումնառության ընթացքում անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.
7) մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգի ներդրումը.
8) սոցիալական գործընկերության համակարգում երկխոսության խթանմանը նպաստելը:
2.2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական քոլեջի գործունեության հիմնական նպատակներն են՝
1) ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը.
2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը.
3) ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
4) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
5) սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը.
6) ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:».
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:»,
5) 3-րդ կետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության Հայաստանի Հանրապետության պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի:».
6) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով, 14-րդ հոդվածով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կառավարման լիազորությունները՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի, ըստ քոլեջների ենթակայության, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:».
7) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության պետական, այդ թվում՝ տարածաշրջանային քոլեջներին թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.
4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.
5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.
6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.
7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.
8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.
9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում և (կամ) սպասարկում.
10) հրատարակչական գործունեություն.
11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.
12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.
13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.
14) մշակութային գործունեության իրականացում:».
8) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
9) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023