Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2011, 1709 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Տիգրան Մեծի 9 հասցեում գտնվող` 702.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ Տիգրան Մեծի 9):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2011 թվականի հոկտեմբերի 4-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 258113 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 167143,5 հազ. դրամ.
3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպա-սարկման համար անհրաժեշտ 320 քառ. մետր մակերեսով հողամասը` իր կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 376536 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
1) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
2) առաջիկա 2 տարվա ընթացքում կատարել 90 մլն դրամի ներդրում:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
1) վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին.
2) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ որպես տեղական նշանակության հուշարձան-շենքի սեփականատեր, սահմանված կարգով Երևանի քաղաքապետարան ներկայացնել հուշարձանի պահպանական պարտավորագիր:
 

Արխիվ

2024

2023