Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2011, 1769 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ պետական կառավարման մարմինները միմյանց հետ գրագրություն (պատասխան ակնկալող գրություններ) իրականացնում են առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցերի դեպքում` առավելագույնը ևս 3 աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի։ Սահմանված ժամկետներում պատասխան չստանալու դեպքում պատասխան ակնկալող գրության հեղինակ հանդիսացող պետական կառավարման մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին։».
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`
ա. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.
<<15.1. Եթե Հայաստանի Հանրապետության oրենքների և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և մյուս շահագրգիռ մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում, ապա դա համարվում է տվյալ մարմնի կողմից նախագծի վերաբերյալ տրված դրական կարծիք և նախագիծն առանց դրանց կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ։>>,
բ. կարգը 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին և 33.2-րդ կետերով.
«33.1. Արձանագրությունները կազմվում, խմբագրվում և Հայաստանի Հանրապետության կառավարության նիստը վարողին են ներկայացվում ստորագրման ոչ ուշ, քան նիստի անցկացման հաջորդ աշխատանքային օրը։
33.2. Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության նիստը վարողի կողմից ստորագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային և թղթային տարբերակներով առաքվում է հասցեատերերին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023