Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2011, 1856 - Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների խնդրանքը և ստորագրված պարտավորագրերը, ինչպես նաև վերջիններիս բնակարանային խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել`
1) նոտար Լալա Մելիքյանի ՎՏԲ բանկի N 16023101618101 դեպոզիտային հաշվին փոխանցելու համար՝
ա. շահառուներին (մեկ շահառուի հաշվով` 360.0 հազ. դրամ) միանվագ դրամական օժանդակության տրամադրման գծով՝ 708,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` դեպոզիտի ժամկետ սահմանելով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի,
բ. նոտարի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար՝ մինչև 7,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
2) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 1,416.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի առաջին պարբերության մեջ նշված գումարի վրա ՎՏԲ բանկի կողմից տոկոսագումար հաշվարկվելու դեպքում այդ տոկոսագումարները նոտարի կողմից ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ մեկամսյա ժամկետում համատեղ ճշգրտել շահառուների ցուցակները, և դրանք տրամադրել նոտար Լալա Մելիքյանին:
4. Ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական պարտավորությունները համարել կատարված՝ նոտար Լալա Մելիքյանի դեպոզիտային հաշվին հատկացված գումարի փոխանցման պահից:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը՝ նոտար Լալա Մելիքյանի կողմից սույն որոշմամբ նախատեսված գործողությունների կատարման մասով:
6. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:

 

Արխիվ

2024

2023