Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2012, 115 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից նվազագույն շահավետ գնից ցածր գնով էլեկտրոնային թվային ստորագրությունների առաջնային իրացման ծառայությունների (այսուհետ՝ ծառայություն) մատուցման արդյունքում վերջինիս կրած վնասի փոխհատուցման նպատակով ընկերությանը որպես սուբսիդիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 10,507.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարն ընկերությանը հատկացնել սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ նախատեսելով, որ`
1) սուբսիդիան ընկերությանը հատկացվելու է 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ամսական պարբերականությամբ՝ փաստացի իրացված էլեկտրոնային թվային ստորագրությունների քանակին համապատասխան.
2) տրամադրվող սուբսիդիայի չափը ծառայության մեկ միավորի դիմաց կազմում է 9 500 դրամ.
3) ծառայության մեկ միավորի գինը սահմանվում է 3 500 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):
3. Սահմանել, որ`
1) էլեկտրոնային թվային ստորագրությունը նվազագույն շահավետ գնից ցածր գնով կարող են ձեռք բերել նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 մլն դրամից ավելի և 100 մլն դրամը չգերազանցող ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ընկերությանը տրամադրված ցանկի, որոնք 2012 թվականի հունվարի 1-ից «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասին համապատասխան հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, յուրաքանչյուր կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր սույն որոշմամբ սահմանված սուբսիդավորմամբ կարող են ձեռք բերել ծառայության մեկ միավոր:
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն էլեկտրոնային թվային ստորագրությունը նվազագույն շահավետ գնից ցածր գնով կարող են ձեռք բերել մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ընկերությանը տրամադրել նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 մլն դրամից ավելի և 100 մլն դրամը չգերազանցող ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը (այսուհետ՝ ցանկ)՝ նշելով կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
2) ցանկում փոփոխություն կատարվելու դեպքում յուրաքանչյուր ամսվա ավարտին ընկերությանը տրամադրել ցանկի ճշգրտված տարբերակը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023