Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2012, 174 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Քաղաքային ջեռուցման ծրագրի և Վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում ձևավորված ֆինանսավորման մեխանիզմների հաջող կիրառության փորձը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից (այսուհետ` հիմնադրամ) իրականացվող ջեռուցման և վերականգնվող էներգետիկայի վարկավորման գործող ծրագրերն ընդլայնելու նպատակով՝ նշված ծրագրերում ներառել նաև էներգախնայողության նպատակով կատարվող աշխատանքների ֆինանսավորումը և ապահովել բնակարանային, հասարակական, արտադրական տարածքների ջեռուցման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագրերի իրականացումը Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում:
3. Սահմանել, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը ֆինանսավորվում են հետևյալ տարբերակներով՝
1) հիմնադրամի կողմից՝ գումարների հատկացմամբ հետաքրքրված բանկերին և վարկային կազմակերպություններին` նրանց կողմից նպատակային վարկերի տրամադրման համար: Ծրագրում արդեն ընդգրկված և գործող վարկային գիծ ունեցող բանկերը կարող են նաև ծրագրեր վարկավորել սույն որոշման հավելվածում նշված նոր ուղղություններով` համաձայն հիմնադրամի կողմից սահմանվող ընթացակարգի.
2) հիմնադրամի կողմից՝ էներգախնայողության նպատակով կատարվող աշխատանքների ֆինանսավորման, ինչպես նաև այդ աշխատանքների համար անհրաժեշտ էներգետիկ ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման նպատակով, որոնց դիմաց շահառուն տարաժամկետ վճարմամբ վերադարձնում է ամբողջ ծառայությունների արժեքը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել՝
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև 2006 թվականի հուլիսի 12-ին կնքված գործակալության պայմանագրում և 2006 թվականի հունվարի 30-ին կնքված լրացուցիչ համաձայնագրում՝ սույն որոշումից բխող փոփոխությունների և լրացումների կատարումը.
2) հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված մարումների վերահատկացումը հիմնադրամին` շրջանառելի ֆոնդի մեխանիզմով նշանակալիորեն ավելացնելով ֆինանսավորված ծրագրերի թիվը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023