Կառավարության որոշումներ

1 Մարտի 2012, 227 - Ն

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերությունը 2003 թվականից սկսած մինչ օրս, իրականացնելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը, ամբողջությամբ կատարել է պայմանագրերով իր առջև դրված խնդիրները, որի արդյունքում կարգավորվել է յուրաքանչյուր տարի վերալիցքավորման նպատակով վառելիքի ներկրման գործընթացը, և, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերությունը հավատարմագրային կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծման համար դիմել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության անունից «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծման մասին համաձայնագիր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» բառերից առաջ լրացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023