Կառավարության որոշումներ

7 Մարտի 2012, 261 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի (համայնքների) զարգացման ծրագրերում` սահմանված կարգով ներառել սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ:
2. Սահմանել, որ`
1) սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում ներառելու համար` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացված հայտերի հիման վրա կատարվում են սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքներ, որոնց արդյունքում կազմվում է սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզ.
2) սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի առդիր ամփոփագրում ներկայացվում են տարածքների խոցելիության նվազեցման վերաբերյալ առաջարկություններ` վերակառուցվող թաղամասերի կամ առանձին շենքերի ու շինությունների կառուցապատման և ճարտարա-պետաշինարարական այլ նախագծերի մշակման, ինչպես նաև բնակարանային ֆոնդի, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմակայունության ապահովման նպատակով.
3) սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզը Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում ներառելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունում մշակվում է սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի կազմման տեխնիկական առաջադրանք և ներկայացվում համապատասխան տարածքային պետական ոչ առևտրային կազմակերպություն` ի կատարումն.
4) սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում ներառելու համար, տարածքների խոցելիության նվազեցման վերաբերյալ առաջարկությունների հիման վրա, մարզերի և բնակավայրի զարգացման ծրագրի նախագծում ընդգրկվում են կարճաժամկետ, միջնաժամկետ ու հեռանկարային ծրագրեր և ներկայացվում լիազորված մարմին` համաձայնեցման:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սահմանել հսկողություն Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման նկատմամբ:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել տարածքների խոցելիության նվազեցման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության մարզպետներին և համայնքների ղեկավարներին ներկայացնելը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023