Կառավարության որոշումներ

1 Մարտի 2012, 246 - Ն

«ՀԱՅՀԻԴՐՈԷՆԵՐԳԱՆԱԽԱԳԻԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի` 1900,5 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) և շենքի զբաղեցրած 0.0960 հեկտար հողամասի իր բաժնային մասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հայհիդրոէներգանախագիծ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Մոսկովյան 33ա):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2011 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 568036.6 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 1000000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` հաշվարկված վճարման օրվա դրությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի չափով.
3) որ գնորդը պարտավորվում է երեք տարվա ընթացքում կատարել 345000 հազ. դրամի ներդրում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.
4) որ գնորդին է անցնում գույքի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է Երևան քաղաքի Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի այլ տարածքների սեփականատերերի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում ներառված ընդհանուր օգտագործման տարածքների (աստիճանավանդակներ, միջանցքներ և այլն) անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 607335 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պայմանագրերի ու դրանցից բխող իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
5. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 572-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից հանել «և օտարելու» բառերը.
2) որոշման նախաբանից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:


 

Արխիվ

2024

2023