Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2012, 633 - Ն

ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 - Ի N 1516-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի` Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների կառուցման նպատակով Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող՝ ընդհանուր 69.83 հեկտար հողամասի (այսուհետ` հողամաս) առանձին հողակտորների՝ ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ առաջարկությանը՝ սույն որոշմամբ սահմանված պայմաններով, համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) պատասխանատուն «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն է (այսուհետ` ծրագրի կառավարիչ).
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առանձնացված հողակտորները ենթակա են օտարման՝ ծրագրի կառավարչի կողմից ամբողջ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ընտրված ներդրողներին` սույն որոշմամբ նախատեսված պայմաններով.
3) ծրագրի իրականացման ընթացքում ներդրողների հետ վարվող բանակցությունների արդյունքում՝ սույն որոշման 1-ին կետում նշված առանձին հողակտորների չափերը և քանակները կարող են փոփոխվել: Ընդ որում, ծրագրի կառավարչի կողմից ներդրողներ կարող են ընտրվել մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը: Ծրագրի կառավարչի կողմից նախապատվությունը կտրվի այն ներդրողներին, որոնք ձեռք կբերեն ավելի շատ հողակտորներ և կառաջարկեն գումարների վճարման ու ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների կառուցապատման առավել կարճ ժամկետներ.
4) օտարման ենթակա չեն սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի այն հատվածները, որոնք ծանրաբեռնված են մայրուղային ջրագծերով, կամ նախատեսված են կենտրոնացված համակարգի ենթակառուցվածքների կառուցապատման կամ ընդհանուր օգտագործման ճանապարհների համար.
5) մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առանձնացված հողակտորների առնվազն 40 տոկոսի նկատմամբ ներդրողներ չընտրվելու դեպքում ծրագիրը համարվում է չկայացած, և սույն որոշումն ուժը կորցրած է ճանաչվում.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 498 որոշմամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցման համար սահմանված սահմանափակումները չեն տարածվում ներդրումային ծրագրի շրջանակներում ընտրված ներդրողներին օտարվող՝ սույն որոշման 1-ին կետում նշված առանձնացված հողակտորների վրա:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացումը:
4. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում կնքվող գործարքների հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և առաջարկել Երևանի քաղաքապետին ու Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին՝ իրենց լիազորությունների սահմաններում աջակցել ծրագրի իրականացմանը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ջրօգտագործողների ընկերության և ծրագրի կառավարչի հետ համատեղ քննարկել ու ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասում առկա ջրատարների ապամոնտաժումը և տեղափոխումը։
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ջերմոցային տնտեսությունների զարգացման պետական մասնավոր համագործակցության վրա հիմնված փորձնական ծրագրին մասնակցելու մասին» N 1516-Ա որոշումը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023