Կառավարության որոշումներ

17 Մայիսի 2012, 626 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1566-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և «Որոտան» ջրօգտագործողների ընկերությանն օգտագործման իրավունքով հանձնված` 812423 դրամ հաշվեկշռային արժեքով «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը (այսուհետ` գույք, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական` N 2562073, ջրամբարի զբաղեցրած հողատարածքը` 23.3095 հեկտար) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշենի գյուղական համայնքին` ջրարբիացման համակարգն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ոռոգման համակարգեր և գույք ամրացնելու, «Որոտան» ջրօգտագործողների ընկերությանը պետական ոռոգման համակարգեր և գույք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին» N 1566-Ա որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով «Որոտան» ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի լուծումը, հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները կատարվելու են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշենի գյուղական համայնքի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշենի գյուղական համայնքի ղեկավարին մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի, Խնձորեսկի գյուղական համայնքների ղեկավարների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի համատեղ օգտագործման մասին պայմանագիր:

 

Արխիվ

2024

2023