Կառավարության որոշումներ

31 Մայիսի 2012, 732 - Ն

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂ- ՆԵՐԻ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐ¬ՄԻՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԿԱՄ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՄԱՍՆԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1923-Ն ՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19֊Ի N 1187-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման և ստուգման գործընթացների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11֊ի <<Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, <<Ներքին աուդիտի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>> N 1233-Ն որոշման N 3 հավելվածի ժամանակացույցի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան` 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում (այսուհետ` ընկերություններ) ներքին աուդիտի համակարգի ներդրման օրվանից` այդ կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների)` <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 91-րդ հոդվածով սահմանված լիազորու-թյունների կատարումը վերապահվում է ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմինների ներքին աուդիտի ստորաբաժանումներին:
2. Ներքին աուդիտի ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով և սահմանված դեպքերում բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմինը կարող է ընդունել որոշում ներքին աուդիտի ծառայությունները մասնավոր ընկերություններին պատվիրելու վերաբերյալ: Մասնավոր կազմակերպություններին ներքին աուդիտի ծառայությունները կարող են պատվիրվել միայն <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի <<50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին>> N 1923-Ն և 2005 թվականի մայիսի 19-ի <<50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և գործունեությունը կանոնակարգելու մասին>> N 1187-Ն որոշումները`
1) 2011 թվականի ընթացքում 500 մլն դրամը գերազանցող շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող ընկերությունների մասով` 2012 թվականի հուլիսի 1-ից.
2) 2011 թվականի ընթացքում մինչև 500 մլն դրամ շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող ընկերությունների մասով` 2013 թվականի հունվարի 1-ից:
4. Ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմինների ղեկավարներին`
1) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի <<50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և գործունեությունը կանոնակարգելու մասին>> N 1187-Ն որոշման 2.1–ին կետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցնել վճարովիության սկզբունքով գործող վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ընտրության մրցույթների անցկացումը.
2) իրենց համակարգի ընկերություններում վճարովիության սկզբունքով գործող վերստուգող հանձնաժողովների անդամների և վերստուգողների լիազորությունների եռամյա ժամկետի ավարտից կամ նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի վաղաժամկետ դադարեցումից հետո, մինչև սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ժամկետների ավարտը, վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) լիազորությունների կատարումը դնել իրենց աշխատակազմերի աշխատողներից և (կամ) տվյալ ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված այլ անձանցից ձևավորված վերստուգող հանձնաժողովների վրա, որոնք կգործեն հասարակական հիմունքներով.
3) մինչև սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ժամկետների ավարտը` ապահովել այդ ժամկետների համար վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2012 թվականի աշխատանքային ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններն ու եզրակացությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023