Կառավարության որոշումներ

26 Ապրիլի 2012, 1077 - Ն

ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 241-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկը գերակա ճանաչելու հանգամանքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)`
1) «Էյ Ընդ Էմ Ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (այսուհետ՝ կազմակերպություն) կնքել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքում գտնվող Ուլաշիկի ջրի մաքրման կայանի գույքի (այսուհետ՝ գույք)՝ համաձայն N 1 հավելվածի, առուվաճառքի նախնական պայմանագիր՝ նախատեսելով, որ գույքի ապագա վաճառքի ավելացված արժեքի հարկը ներառող գինը հավասար կլինի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքում նոր ջրային համակարգի (այսուհետ՝ նոր ջրային համակարգ) կառուցման հետ կապված 115000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով կատարվող ծախսերին (ավելացված արժեքի հարկը ներառող), որի ֆինանսավորումը կիրականացվի առուվաճառքի նախնական պայմանագրի շրջանակներում կազմակերպության կողմից ընկերությանը վճարվող գնի կանխավճարային վճարման հաշվին.
2) կազմակերպության հետ կնքել պայմանագիր, որով կազմակերպությունը կվաճառի, իսկ ընկերությունը կգնի կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքում գտնվող մինչև 500 քառ. մետր մակերեսով հողամասը կադաստրային արժեքով` հետևյալ սահմանափակումներով՝
ա. հողամասը կօգտագործվի միայն և բացառապես կազմակերպության հետ համաձայնեցված նոր ջրային համակարգի կառուցման համար,
բ. նոր ջրային համակարգի կառուցումը պետք է ավարտվի մինչև 2013 թվականի օգոստոսի 30-ը,
գ. նոր ջրային համակարգը պետք է օգտագործվի միայն և բացառապես ընկերության բաժանորդներին խմելու ջուր մատակարարելու համար.
3) կազմակերպության հետ կնքել պայմանագիր (պայմանագրեր), որով կազմակերպությունն ընկերությանը կտրամադրի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքում գտնվող կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ջրային համակարգերի նկատմամբ սահմանափակ օգտագործման իրավունքը (սերվիտուտը):
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի շրջանակներում ընկերության ստացած կանխավճարի գումարն ուղղվելու է նոր ջրային համակարգի կառուցման ծախսերին, որի իրականացման համար ընկերությունը բացում է առանձին բանկային հաշիվ.
2) գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիրը կնքվում և գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ընկերությունից փոխանցվում է կազմակերպությանը՝ նոր ջրային համակարգի կառուցման ավարտից հետո մեկամսյա ժամկետում.
3) ընկերության առանձին բանկային հաշվից նոր ջրային համակարգի կառուցման և հողամասի գնման գծով ծախսերի՝ ներառյալ կապալառուին վճարվող ավելացված արժեքի հարկի հարկային հաշվառումը, վարում է ընկերությունը.
4) նոր ջրային համակարգի կառուցման նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողությունն ապահովում է ընկերությունը` իր այլ միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ ընկերության կողմից պատվիրված նոր ջրային համակարգի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը համաձայնեցված են կազմակերպության հետ:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն N 2 հավելվածի, գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված և նոր ջրային համակարգի կառուցման նախագծով նախատեսված հողամասը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի կատեգորիա և նոր ջրային համակարգի կառուցման նախագծով սահմանված հողամասն ընկերությանը տրամադրել կառուցապատման իրավունքով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023