Կառավարության որոշումներ

23 Օգոստոսի 2012, 1102 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման վերնագիրը, 1-ին կետը և հավելվածի վերնագիրն «օտարերկրյա քաղաքացիների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների» բառերով.
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ բաժնով.
«VI. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
36. Օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամները (այսուհետ` դիվանագետների ընտանիքների անդամներ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր)` բակալավրի կրթական ծրագրով, կարող են դիմել օտարերկրյա քաղաքացիների ընդունելության համար սահմանված ժամկետներում և ծրագրով, դիվանագետների ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո մեկ տարվա ընթացքում:
37. Բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար բուհ կարող են դիմել դիվանագետների ընտանիքների այն անդամները, ովքեր օտարերկրյա պետությունում ավարտել ու ստացել են Հայաստանի Հանրապետությունում առնվազն միջնակարգ կրթության երրորդ աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դրան համարժեք այլ փաստաթուղթ):
38. Բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար բուհ ընդունվող` դիվանագետների ընտանիքների անդամներ հանդիսացող դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով.
2) նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն սույն կարգով հաստատված ձևի.
3) բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.
4) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները.
5) ավարտական փաստաթղթի (ատեստատ կամ դրան համարժեք այլ փաստաթուղթ) պատճենը, բնօրինակը.
6) 3 x 4 չափսի 4 լուսանկար.
7) արական սեռի դիմորդները` փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (կցագրման վկայականի պատճենը):
39. Բակալավրի կրթական ծրագրով կրթություն ստանալու համար` դիվանագետների ընտանիքների անդամներ հանդիսացող դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից, հաշվառումից, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո:
40. Գիտելիքների ստուգումն անցկացնում է տվյալ բուհը` իր կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության միջնակարգ կրթության երրորդ աստիճանին համապատասխան: Գիտելիքների ստուգման կարգը և առարկայական ծրագրերը ներկայացվում են նախարարության համաձայնությանը` մինչև տվյալ տարվա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետի սկիզբը, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:
41. Գիտելիքների ստուգման արդյունքում դիմորդներն ընդունվում են առաջին կուրս` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա` բուհի ղեկավարի հրամանով:
42. Դիվանագետների ընտանիքների անդամների ուսուցումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով (վճարովի):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023