Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2012, 1194 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Չափագիտության ազգային ինստիտուտ և Ստանդարտների ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերություններին մինչև 2011 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած շահութաբաժնի պարտավորությունները` համապատասխանաբար 19110.2 հազ. դրամի և 16285.3 հազ. դրամի չափով, մարել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը` եռամսյա հավասարաչափ համամասնությամբ:
2. Սահմանել, որ`
1) մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Չափագիտության ազգային ինստիտուտ և Ստանդարտների ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական արդյունքներով առաջացած որևէ տարվա վնասների առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-֊ին կետով սահմանվող` տվյալ տարվա եռամսյակային համամասնությամբ նախատեսված պարտավորությունների մարման համար.
2) 2012 թվականի հոկտեմբերի 1֊ից դադարեցվում է հետաձգման առաջա-դրված պարտավորությունների ամբողջ ծավալի նկատմամբ տոկոսների (տույժի) հաշվարկումը.
3) եռամսյակային համամասնությունները (չափաքանակները) չպահպանելու դեպքերում եռամսյակային համամասնության խախտման հետևանքով չկատարված պարտավորության մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տոկոսների հաշվարկումը շարունակվում է` մինչև այդ մասով պարտավորության մնացորդի ամբողջական մարումը.
4) Չափագիտության ազգային ինստիտուտ և Ստանդարտների ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությունների 2011 թվականի գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նկատմամբ առաջացած շահութաբաժնի պարտավորությունները` համապատասխանաբար 6224.0 հազ. դրամի և 6298.5 հազ. դրամի չափով, ենթակա են վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել Չափագիտության ազգային ինստիտուտ և Ստանդարտների ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությունների ընդհանուր ժողովներում` սույն որոշմամբ նախատեսված շահութաբաժինների չափերը և եռամսյակային համամասնությունները հաստատելու մասին որոշումների ընդունումը.
2) ընդհանուր ժողովների որոշումների ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել շահութաբաժինների վճարման չափի և համամասնությունների վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովների որոշումների մասին արձանագրություններից քաղվածքները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023