Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2012, 1202 - Ա

ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԸ (ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ) ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների ժամանակացույցը (այսուհետ` ժամանակացույց)` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 4-ի N 58-Ն որոշմամբ ստեղծված` կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհրդի նախագահին` մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին:
3. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկա-վարներին, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը ապահովել իրենց ղեկավարած հիմնարկների, իրենց ենթակայության տակ գտնվող` հարկային գործակալ հանդիսացող բոլոր կազմակերպությունների (հիմնարկների) համապատասխան աշխատողների կողմից (այն աշխատողների կողմից, ովքեր ստորագրելու են գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները), նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) և եկամտային հարկի ու պարտադիր կուտակային վճարի տեղեկատվական համակարգ մուտք գործելն ապահովող` օգտվողի անուն ու գաղտնաբառ ստանալը.
2) մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը ապահովել իրենց ղեկավարած հիմնարկների (կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), իրենց ենթակայության տակ գտնվող` հարկային գործակալ հանդիսացող բոլոր կազմակերպությունների (հիմնարկների) աշխատողների համար գրանցման հայտեր ներկայացնելը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին`
1) միջոցներ ձեռնարկել մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը իրենց ղեկավարած հիմնարկների, իրենց ենթակայության տակ գտնվող` հարկային գործակալ հանդիսացող բոլոր կազմակերպությունների (հիմնարկների) համապատասխան աշխատողների կողմից (այն աշխատողների կողմից, ովքեր ստորագրելու են գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները), նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) և եկամտային հարկի ու պարտադիր կուտակային վճարի տեղեկատվական համակարգ մուտք գործելն ապահովող` օգտվողի անուն ու գաղտնաբառ ստանալն ապահովելու ուղղությամբ.
2) միջոցներ ձեռնարկել մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը իրենց ղեկավարած հիմնարկների (կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), իրենց ենթակայության տակ գտնվող` հարկային գործակալ հանդիսացող բոլոր կազմակերպությունների (հիմնարկների) աշխատողների համար գրանցման հայտեր ներկայացնելն ապահովելու ուղղությամբ:
5. Սահմանել, որ մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից օգտվողի անուն ու գաղտնաբառ ստանալու դեպքում հաշվետվությունները ներկայացնող ֆիզիկական անձի էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման վարձավճարը 2013 թվականի համար վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին` իրենց իրավասությունների շրջանակներում ապահովել ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացումը:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) մարզի տարածքում ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, մարզի տարածքում գործունեություն իրականացնող գործատուներին մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) հատկացնելն ապահովելու նպատակով մինչև 2012 թվականի հոկտեմբերի 1-ը, հիմք ընդունելով ներկայացված թեկնածությունները, ձևավորել աշխատանքային խումբ` համաձայն N 2 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների (համաձայնությամբ) հետ համատեղ կազմակերպել գյուղական համայնքների ուսուցիչների և գյուղապետարանի աշխատակազմի համապատասխան աշխատողների ուսուցում` անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնելու գործընթացում համայնքի տնտեսավարող սուբյեկտներին աջակցություն տրամադրելու նպատակով.
3) մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 4-ի N 58-Ն որոշմամբ ստեղծված` կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդին (Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին) ներկայացնել տեղեկատվություն սույն հանձնարարականների կատարման ընթացքի և արդյունքների մասին.
4) հնարավորություն ընձեռել համայնքի տնտեսավարող սուբյեկտներին, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) ներկայացնել համապատասխան դպրոցի` այդ նպատակով առանձնացված համակարգիչներից` ներկայացնելու գործընթացում ապահովելով ուսուցում անցած համապատասխան մասնագետների աջակցությունը տնտեսավարող սուբյեկտներին:
8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2012 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության մարզպետներին ներկայացնել սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքային խմբերի անդամների տվյալները:
9. Առաջարկել համայնքների ղեկավարներին`
1) աջակցել համայնքի տարածքում ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին.
2) հնարավորություն ընձեռել համայնքի տնտեսավարող սուբյեկտներին, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) ներկայացնել գյուղապետարանի աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմնակերպությունների` այդ նպատակով առանձնացված համակարգիչներից` ներկայացնելու գործընթացում ապահովելով համայնքի աշխատակազմի ուսուցում անցած համապատասխան մասնագետների աջակցությունը տնտեսավարող սուբյեկտներին:
10. Առաջարկել <<Հայփոստ Թրասթ>> փակ բաժնետիրական ընկերության կառավարչին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ կազմակերպել Հայփոստի աշխատողների ուսուցում` տնտեսավարող սուբյեկտներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) ներկայացնելու ծառայություններ մատուցելու նպատակով:

Հավելված

Արխիվ

2024

2023