Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2012, 1213 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` «Գրանիտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Արցախի 72)` պետական սեփականություն հանդիսացող (80 տոկոս) բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել`
1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2012 թվականի մայիսի 8-ին գնահատված արժեքը` 249071 հազ. դրամ.
2) աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (80 տոկոսի) մեկնարկային գինը` 199257 հազ. դրամ:
3. Ընկերության պարտավորությունները 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 21079 հազ. դրամ, այդ թվում՝
1) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 2088 հազ. դրամ.
2) կարճաժամկետ փոխառություններ` 8148 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 179 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 666 հազ. դրամ.
5) կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 3487 հազ. դրամ.
6) այլ կրեդիտորական պարտքեր` 6511 հազ. դրամ:
4. Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Ընկերությունը 2000-2010 թվականների տնտեսական գործունեության արդյունքում վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1162620 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:
7. Աճուրդին մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

 

Արխիվ

2024

2023