Կառավարության որոշումներ

1 Նոյեմբերի 2012, 1380 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետը «աճուրդով» բառից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային)» բառերով.
2) 14.1-ին կետը «75 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, եթե գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերով.
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ VI գլխով.

«VI. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ
ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

20. Գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում գույքի օտարման նպատակով աճուրդը կարող է անցկացվել էլեկտրոնային եղանակով:
21. Էլեկտրոնային աճուրդն էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ վարչության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որոնք կազմակերպում և անցկացնում է վարչությունը:
22. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում տեղադրվում է աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
1) աճուրդի անցկացման տարեթիվը, ամիսը, օրը և ժամը, ինչպես նաև աճուրդի ավարտի հաշվարկային ժամը.
2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).
3) աճուրդի պայմանները, այդ թվում` օտարման ենթակա գույքի անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) և (կամ) արտադրման տարեթիվը, մեկնարկային գինը, ինչպես նաև այլ պայմաններ.
4) աճուրդի անցկացման կարգին ծանոթանալու պայմանները.
5) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները, ինչպես նաև համապատասխան հաշվեհամարները.
6) գույքի ուսումնասիրման ամսաթիվը, ժամանակը և վայրը:
23. Օտարման ենթակա գույքի էլեկտրոնային աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, եթե գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
24. Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք էլեկտրոնային կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում՝ լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են վճարում վարչության համապատասխան հաշվին և գրանցվում են համակարգում:
25. Էլեկտրոնային աճուրդի անցկացման, հրապարակային ծանուցման և աճուրդի մասնակիցների գրանցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով:
26. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
27. Յուրաքանչյուր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցման հրապարակման տասներորդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը: Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:
28. Էլեկտրոնային աճուրդի ընթացքում աճուրդի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի աճուրդի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն քայլի չափով, որը սահմանվում է մեկնարկային գնի առնվազն 5 տոկոսի չափով:
29. Էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնման գին ներկայացրած աճուրդի մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:
30. Էլեկտրոնային աճուրդում հաղթած աճուրդի մասնակցի վճարած նախավճարը հաշվանցվում է համապատասխան հաշվին:
31. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած աճուրդի մասնակցի վճարած նախավճարը վերադարձվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
32. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաշվին փոխանցել (կամ վճարել) գույքի գնման գինը: Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:
33. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինն ամբողջությամբ վճարվելուց հետո տասնօրյա ժամկետում նրա հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր:
34. Էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե՝
1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.
2) աճուրդում հաղթած անձը սահմանված ժամկետում չի վճարել գնման գինը:
35. Սույն կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
36. Էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում սահմանված կարգով կազմակերպվում է նոր էլեկտրոնային աճուրդ:
37. Էլեկտրոնային աճուրդը չկայանալու դեպքում կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ էլեկտրոնային աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է նախորդ աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, եթե օտարման մասին որոշմամբ ավելի փոքր չափ չի սահմանվել:
38. Սույն կարգի համաձայն էլեկտրոնային աճուրդով գույքի վաճառքը չի կարող շարունակվել օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվանից ավելի։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023