Կառավարության որոշումներ

22 Նոյեմբերի 2012, 1490 - Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 6000 մետր երկարությամբ և 50535829 դրամ հաշվեկշռային արժեքով Արևշատի առաջին աստիճանի պոմպակայանի մղման (d=1420 մմ տրամագծով) խողովակաշարով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման 1-ին կետում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի հոկտեմբերի 17-ին 523800.0 հազ. դրամ գնահատված արժեքով գույքն օտարել մրցույթով:
6. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 392850.0 հազ. դրամ:
7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) օտարվող գույքն օգտագործելը՝ ներկայացված գործարար ծրագրին համապատասխան:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սահմանված կարգով վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 180000 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման մասին պայմանագիր:
9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
10. Սահմանել, որ սույն որոշման 8-րդ կետում նշված մրցույթի արդյունքում օտարված գույքի վաճառքի գումարը ենթակա է մուտքագրման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` <<Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր>> գանձապետական հաշվին:
11. Մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 10-րդ կետում նշված գումարից Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հետևյալ ուղղություններով գումար հատկացնելու մասին`
1) 150000.0 հազ. դրամ պետք է վճարվի «Սևան-Հրազդանյան-ջրառ» և 50000.0 հազ. դրամը` «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների համապատասխան հաշվի համարներին որպես դրամաշնորհ` ընկերությունների պարտավորությունները մարելու համար.
2) սույն որոշման 10-րդ կետում նշված գումարի մնացած մասը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` ոռոգման ոլորտում հրատապ լուծում պահանջվող առաջնահերթ խնդիրների լուծման համար:

 

Արխիվ

2024

2023