Կառավարության որոշումներ

22 Նոյեմբերի 2012, 1521 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 711-Ն որոշման N 4 հավելվածի 3-րդ կետի 3.3-րդ ենթակետը, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի սողանքային գոտում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> N 711-Ն որոշման N 4 հավելվածի 3-րդ կետի 3.3-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին նախատեսված 64,000.0 հազ. դրամից չօգտագործված 51,167.5 հազ. դրամի շրջանակներում 21,970.0 հազ. դրամը, որպես անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ՝ աջակցություն), ուղղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծվում են աջակցության տրամադրման միջոցով` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար.
2) աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի այն բնակիչներին, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող այլ բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություններ.
3) աջակցության չափից ավելի բարձր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.
4) բնակեցումից ազատված բնակելի տունը ենթակա է քանդման` սեփականատիրոջ միջոցներով` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.
5) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև կնքված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն ստանալու մասին պայմանագրով, որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ.
6) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն կետի 5-րդ ենթակետով կնքված պայմանագրի օրվանից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը.
7) տրամադրվող աջակցության չափը որոշվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգի 91-րդ կետով սահմանված նորմերով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքներին (անձերի թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ընդհանուր մակերեսից և աջակցության տրամադրմանը նախորդող եռամսյակի դրությամբ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի բնակավայրերում բնակելի տների 1 քառ. մետր ընդհանուր մակերեսի ձևավորված շուկայական միջինացված արժեքից, ընդ որում, սեփականատերերին տրամադրվող աջակցության չափը որոշվում է նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին`
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի <<Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին>> N 845-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան.
2) սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն սողանքային գոտում բնակեցումից ազատված բնակելի տան քանդումից և սահմանված կարգով աջակցությամբ ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) գույքային իրավունքների պետական գրանցումից հետո քանդված տանը կից տնամերձ հողամասը պետական սեփականության պահուստային հողերի կատեգորիա փոխադրելու վերաբերյալ.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն չօգտագործված միջոցները Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչների միջև բաշխելու վերաբերյալ:

 

Հավելված

Արխիվ

2024

2023