Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1673 - Ն

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 192 ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 953-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով <<Մթնոլորտային օդի պահպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 5.1-ին, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ու հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նորմատիվները մշակվում են այն վնասակար նյութերի համար, որոնց համար սահմանված են մթնոլորտում դրանց պարունակության առողջապահական, բնապահպանական կամ այլ նորմատիվներ: Եթե տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում արտանետվում է նյութ, որի համար սահմանված չէ առողջապահական, բնապահպանական կամ այլ նորմատիվներ, ապա տնտեսավարող սուբյեկտը դիմում է լիազոր մարմնին` սահմանված կարգով տվյալ նյութի համար նորմատիվ մշակելու հայտով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշման համաձայն պետական հաշվառման ենթակա այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) համար, որոնց արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված <<օդի պահանջվող օգտագործումը>> (այսուհետ` ՕՊՕ) տարեկան կտրվածքով կազմում է երկու հարյուր միլիոնից մինչև երկու միլիարդ խորանարդ մետր, արտանետումների սահմանային չափաքանակներ են հանդիսանում դրանց գործունեության արդյունքում առաջացած փաստացի արտանետումները.
3) այն տնտեսավարող սուբյեկտների համար, որոնք ունեն արտանետման այնպիսի աղբյուրներ, որոնց արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված ՕՊՕ-ն մեկ տարում գերազանցում է երկու միլիարդ խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու հազար խորանարդ մետր չափանիշը, արտանետման չափաքանակները որոշվում են սահմանային թույլատրելի արտանետումների (այսուհետ` ՍԹԱ) նորմատիվների նախագծերի հիման վրա, ընդ որում`
ա. եթե աղտոտող նյութերի արտանետումները ցրվելու արդյունքում գետնամերձ շերտում` արտանետվող կազմակերպության տարածքի եզրին և (կամ) ամենամոտ բնակելի տարածքներում, առաջացնում են այնպիսի խտություններ, որոնք տվյալ տարածքի աղտոտվածության ֆոնային խտության հետ համատեղ չեն գերազանցում սահմանային թույլատրելի խտությունները (այսուհետ` ՍԹԽ), ապա ՍԹԱ նորմատիվները համարվում են ընդունելի և հանդիսանում են արտանետումների սահմանային չափաքանակներ (արտանետման թույլտվություններ),
բ. եթե արտանետումների արդյունքում ձևավորված աղտոտող նյութերի գետնամերձ խտությունները տվյալ տարածքի աղտոտվածության ֆոնային խտության հետ համատեղ արտանետվող կազմակերպության տարածքի եզրին և (կամ) ամենամոտ բնակելի տարածքներում, գերազանցում են համապատասխան ՍԹԽ, իսկ տվյալ նյութերի ֆոնային աղտոտվածությունը չի գերազանցում ՍԹԽ, ապա մշակվում է մթնոլորտ աղտոտող նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագիր, որի իրականացումը կապահովի ՍԹԱ նորմատիվներին հասնելը,
գ. եթե տնտեսավարող սուբյեկտի արտանետումներում առկա որոշ նյութերի համար ֆոնային աղտոտվածությունը գերազանցում է համապատասխան ՍԹԽ-ն, ապա ՍԹԱ նորմատիվներն ընդունվում են որպես ժամանակավոր: Ժամանակավոր նորմատիվները գործում են մինչև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից վնասակար նյութերով ֆոնային գերաղտոտվածություն ունեցող տարածքներում սահմանված կարգով տարածքային նորմավորման իրականացման հիման վրա նոր չափաքանակների տրամադրումը:
3. Սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի <<բ>> և <<գ>> պարբերություններում սահմանված դեպքերում արտանետման չափաքանակները տրամադրվում են ՍԹԱ նորմատիվների չափով:
4. Սահմանել, որ`
1) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրների համար մշակում են այդպիսի աղբյուրներ ունեցող տնտեսավարող սուբյեկտները.
2) տրամադրված արտանետման չափաքանակները մնում են ուժի մեջ, քանի դեռ աղտոտման անշարժ աղբյուրների և աղտոտող նյութերի մասով քանակական կամ որակական փոփոխություններ տեղի չեն ունեցել, ինչպես նաև տվյալ նյութերով ֆոնային գերնորմատիվային աղտոտվածություն չի առաջացել: Ֆոնային գերնորմատիվային աղտոտվածության առաջացման հետ կապված արտանետման չափաքանակները վերանայվում են տրամադրման պահից 5 տարվանից ոչ շուտ.
3) տեղանքի ֆոնային աղտոտվածության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` տեղադրելով այն իր պաշտոնական կայքում: Եթե տվյալ տարածքի համար ֆոնային աղտոտվածության տվյալները բացակայում են, ապա ֆոնային աղտոտվածությունը սահմանվում է տվյալ բնակավայրի բնակչության թվից ելնելով.
4) նոր կառուցվող, ընդլայնվող և վերակառուցվող օբյեկտների համար արտանետման չափաքանակները սահմանվում են այդ օբյեկտները սահմանված կարգով շահագործման հանձնելու օրվանից 7 օրվա ընթացքում` մեկ տարի ժամկետով դրանց կառուցման, ընդլայնման և վերակառուցման նախագծային լուծումների հիման վրա: Այնուհետև, կապված արտանետումների հզորություններից կամ ծավալից, սույն որոշման 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերին համապատասխան:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի <<Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների և արտանետումներ կատարելու թույլտվություններ տալու մասին>> N 192 և 2008 թվականի օգոստոսի 21-ի <<Մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի քննության և արտանետումներ կատարելու թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին>> N 953-Ն որոշումները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023