Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2012, 1681 - Ն

ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1242-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող մասնաշենքի 9-12-րդ հարկերից 1884.1 քառ. մետր մակերես և 1317 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տարածքներով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Թույլատրել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Կոմիտասի 49/2 հասցեում գտնվող մասնաշենքի 1-ին հարկի 233.4 քառ. մետր և 4-րդ ու 5-րդ հարկերի 1609.3 քառ. մետր մակերես և 66989.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տարածքներով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
4. «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
5. Սույն որոշման 1-ին և 3-րդ կետերի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով։
6. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ներդնել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
7. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 3-րդ կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հետ համատեղ` Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող շենքի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալի փոփոխությունների գրանցումը:
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` Երևան քաղաքի Մամիկոնյանց 39ա հասցեում գտնվող շենքից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից զբաղեցված 1-ին հարկի 90.5 քառ. մետր մակերեսով և 8-րդ հարկի 230.95 քառ. մետր մակերեսով, 2716.146 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով տարածքները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրելու նպատակով:
10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ սույն որոշման 8-րդ կետում նշված հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 9-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցների հաշվին:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող շենքի վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների կատարման համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 8.0 մլն դրամ.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող շենքի կապիտալ նորոգման համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել համապատասխան գումար:
12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 8-րդ կետով նախատեսված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումից հետո մեկամսյա ժամկետում` սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի կազմից 337.2 քառ. մետր տարածքը (փորձարկման լաբորատորիա) անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը:
13. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը գումար հատկացնելու մասին» N 1242-Ն որոշումը:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023