Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1691 - Ն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29 - Ի N 1917-Ն ԵՎ N 1923-Ն, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 594-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) սոցիալական փաթեթի հատկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) սոցիալական փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի։
2. Սահմանել, որ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) բանկերի հետ կնքել պայմանագրեր սույն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքած բանկերի ցանկի հրապարակումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կայքում ։
4. Բոլոր շահագրգիռ պետական մարմինների ղեկավարներին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել համապատասխան ծախսերի նախահաշվի կազմումը և հաստատումը.
2) նշված հատկացումների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
3) մինչև բյուջետային տարվա ավարտը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` սույն որոշման հիման վրա հատկացված միջոցների չծախսված (չօգտագործված) գումարները վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Թույլատրել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալներում սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության շրջանակներում ապահովագրական ընկերությունների կողմից առողջության ապահովագրության գումարների հատուցումներն իրականացնելու նպատակով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հոսպիտալներում սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության շրջանակներում ապահովագրական ընկերությունների կողմից առողջության ապահովագրության գումարների հատուցումներն իրականացնելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել առողջության ապահովագրության վերաբերյալ համապատասխան պայմանագրերի կնքումը Հայաստանի Հանրապետությունում գործող և սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայություն մատուցող ապահովագրական ընկերությունների հետ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հոսպիտալներում սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման չափի, կարգի և պայմանների վերաբերյալ.
3) վարել հաշվառում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հոսպիտալներից դուրս սոցիալական փաթեթի շրջանակներում մատուցված բուժծառայությունների (այդ թվում` դեղերի) վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով տալ հանձնարարական բոլոր պետական բուհերին` սոցիալական փաթեթի շրջանակներում սույն որոշմամբ սահմանված աշխատողների կողմից սոցիալական փաթեթից ուսման վճարի ծառայության համար փոխանցումներ իրականացնելու դեպքում այդ վճարումներն ընդունել ամսական կտրվածքով` մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտը:
8. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի <<Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին>> N 1917-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի <<Սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը և (կամ) չափորոշիչները հաստատելու մասին>> N 1923-Ն որոշումները, սակայն 2013 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած նշված որոշումների շրջանակներում սոցիալական փաթեթի պարտավորությունները 2013 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշումներով սահմանված կարգով և ժամկետներում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի <<Հայկական ատոմային էլեկտրակայան>> փակ բաժնետիրական ընկերության առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական փաթեթի հատկացման վերաբերյալ>> N 594-Ն որոշումը, սակայն 2013 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած նշված որոշման շրջանակներում սոցիալական փաթեթի պարտավորությունները 2013 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշումներով սահմանված կարգով և ժամկետներում:
9. Սույն որոշումը չի տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց (բացառությամբ հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց: Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի) (զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ մարմնի տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը (օրինակ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը), կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023