Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2013, 66 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի «Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Իր մասին տեղեկանք ստանալու նպատակով դիմելու իրավունք ունի 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք (այսուհետ՝ տեղեկանք հայցող) կամ տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը և զավակը, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչը:
3. Տեղեկանք հայցողն անձամբ, փոստի միջոցով կամ առցանց նախարարություն (ներկայացուցչություն) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.
2) անձնագիր (նույնականացման քարտ) և դրա պատճենը (փոստով դիմելու դեպքում՝ միայն պատճենը).
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պետական տուրքի վճարման անդորրագիր կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները.
4) եթե տեղեկանք հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
5) եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
ա. ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները,
բ. եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
գ. ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները,
դ. զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները:
ե. լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».
2) հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ և 32-րդ կետերով.
«3.1. Առցանց դիմելու դեպքում պետք է ներկայացվի սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի պատկերամուտը:
3.2. Փոստով դիմելու իրավունք ունի տեղեկանք հայցողը, իսկ վերջինիս ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը և լիազոր ներկայացուցիչը դիմումը ներկայացնում են անձամբ:».
3) հավելվածը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 131-րդ կետով.
«131. Տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը հանձնվում է փոստով՝ պատվիրված նամակով».
4) հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում տեղադրել՝
1) Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.
2) դիմումի ձևերը.
3) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գործող համապատասխան փոստային ծառայությունների սակագները և կայքերի հղումները.
4) փոստով ծառայությունների մատուցման ընթացակարգը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում ապահովել վճարումների պետական էլեկտրոնային համակարգում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաբյուջետային գանձապետական հաշվի համարի բացումը և տեղադրումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար վճարումներ կատարելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների սակագները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին կետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսաներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023