Կառավարության որոշումներ

16 Հունվարի 2013, 74 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 123-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 13-րդ կետում «գրավոր`» բառը փոխարինել «համակարգչային ծրագրով`» բառերով.
2) 15-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համակարգչային ծրագիրն ամփոփում է քննության առաջին փուլի արդյունքները` ըստ յուրաքանչյուր դիմողի վաստակած միավորների քանակի և տոկոսի՝ յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատելով մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, ինչպես նաև որևէ պատասխան չնշելը: Հանձնաժողովը, քննության առաջին փուլն ավարտվելուց հետո համակարգչային ծրագրի տվյալների հիման վրա, ամփոփում է դիմողների աշխատանքների արդյունքները և հաշվի առնելով սույն կետի պահանջները՝ ընդունում որոշում նրանց երկրորդ փուլ անցնելու հարցի վերաբերյալ և քննության երկրորդ փուլն սկսելուց առնվազն մեկ ժամ առաջ հրապարակում քննության արդյունքները:».
3) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Քննության հարցերին պատասխանելու համար սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետները լրանալուց հետո հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը հայտարարում են սահմանված ժամանակն ավարտված լինելու մասին, որից հետո դիմողը պարտավոր է քննության թեստերի փուլում ավարտել աշխատանքը, իսկ խնդիրների փուլում` պատասխանները հանձնել հանձնաժողովին: Խնդիրների փուլում դիմողների աշխատանքները ծածկագրվում են հանձնաժողովի սահմանած կարգով: Ծածկագրերը վերծանվում են միայն քննության խնդիրների փուլի արդյունքների ամփոփումից հետո: Հարցերի պատասխանները թեստերի փուլում նշվում են համակարգչում, իսկ խնդիրների փուլում` հանձնաժողովի կողմից տրամադրված թղթերի վրա:».
4) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Քննության առաջին փուլում համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրության սկզբունքով յուրաքանչյուր դիմորդի համար ձևավորվում է առանձին հարցաթերթիկ` հաշվի առնելով սույն կարգի 14-րդ կետով սահմանված համամասնությունները: Քննության երկրորդ փուլի հարցաթերթիկները ևս կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրության սկզբունքով` հանձնաժողովի առնվազն 3 անդամի ներկայությամբ` 3 տարբերակից, որոնցից հանձնաժողովի նշված անդամների կողմից պատահական ընտրության սկզբունքով ընտրվում է մեկը, որը տրամադրվում է քննության մասնակիցներին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023