Կառավարության որոշումներ

14 Փետրվարի 2013, 122 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 347 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին, 18.2-րդ, 18.3-րդ և 18.4-րդ կետերով.
«18.1. Հայաստանի Հանրապետությունում դեղի գրանցման ժամկետի ավարտից հետո դեղը կարող է գրանցվել պարզեցված ընթացակարգով, որի դեպքում դիմողի կողմից ներկայացվում է`
1) հայտ, որին կցվում են`
ա) գրություն նախկինում գրանցված դեղը պարզ ընթացակարգով գրանցելու և նախորդ գրանցման փաստաթղթերում նոր փոփոխությունների կամ լրացումների բացակայության վերաբերյալ,
բ) կողմնակի ազդեցությունների դիտարկման հաշվետվությունը,
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարված պետական տուրքի անդորրագիրը:
18.2. Հայտի հիման վրա, փորձաքննության վարձը վճարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացվում է փաստաթղթային փորձաքննություն, և փորձագիտական եզրակացությունը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:
18.3. Փաստաթղթային փորձաքննության դրական արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում դեղի գրանցման վերաբերյալ, որի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմորդին տրվում է գրանցման հավաստագիր:
18.4. Նախորդ գրանցման փաստաթղթերում նոր փոփոխությունների և լրացումների առկայության դեպքում գրանցումն իրականացվում է սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023