Կառավարության որոշումներ

7 Փետրվարի 2013, 130 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 711-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1392-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 7,852,488.7 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 555,537.1 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 941,356.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 1,261,448.8 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 1,140,216.4 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 1,003,933.4 հազ. դրամ՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 958,944.2 հազ. դրամ՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 675,173.5 հազ. դրամ՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 593,751.2 հազ. դրամ՝ համաձայն N 8 հավելվածի.
9) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 223,413.7 հազ. դրամ՝ համաձայն N 9 հավելվածի.
10) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 498,714.4 հազ. դրամ՝ համաձայն N 10 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 11 և 12 հավելվածների:
3. Սույն որոշման N 1 հավելվածի 2.16-րդ, N 2 հավելվածի 1.14-րդ, 2.13-րդ, N 4 հավելվածի 2.18-րդ, 2.22-րդ, N 5 հավելվածի 1.12-րդ, N 7 հավելվածի 2.1-ին, 2.2-րդ, 2.11-ին, 2.12-րդ,
2.14-րդ, N 8 հավելվածի 2.15-րդ, 2.16-րդ, 2.17-րդ, 4.1-ին և N 10 հավելվածի 1.21-րդ, 1.22-րդ ենթակետերով նախատեսված շինարարական աշխատանքները և վարչական սարքավորումների ձեռքբերումը, սույն որոշման NN 1-10 հավելվածներով յուրաքանչյուր մարզում ենթակա են կատարման, եթե սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի կողմից ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին»
N 971-Ն որոշման հավելվածի 3-րդ մասի «2011 թվական» բաժնի ութերորդ պարբերությամբ սահմանված դրույթը:
4. Սույն որոշման N 3 հավելվածի 2.3-րդ ենթակետում նշված 170,000.0 հազ. դրամի չափով շինարարական աշխատանքներից ենթակա են կատարման 131,000,0 հազ. դրամի չափով աշխատանքները, եթե սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի կողմից չի ապահովվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշման հավելվածի 3-րդ մասի «2011 թվական» բաժնի ութերորդ պարբերությամբ սահմանված դրույթը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված ժամկետների ավարտից հետո 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ, N 2 հավելվածի 7-րդ, N 3 հավելվածի 8-րդ, N 4 հավելվածի 7-րդ, N 5 հավելվածի 7-րդ, N 7 հավելվածի 7-րդ, N 8 հավելվածի 6-րդ և N 10 հավելվածի 5-րդ կետերով նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) սույն որոշման NN 1-10 հավելվածներում նշված շինվերանորոգման աշխատանքների նախագծային առաջադրանքները կազմել և նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրել` շինվերանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքները նախատեսելով սույն որոշման NN 1-10 հավելվածներով այդ աշխատանքների համար նախատեսված գումարից ոչ ավելի գումար.
2) նախագծանախահաշվային փաստաթղթերի հաստատումից հետո, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզպետարանի գծով հատկացված ընդհանուր գումարի սահմաններում աշխատանքների միջև վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն համապատասխանաբար սույն որոշման N 4 հավելվածի 3.1-ին, 3.2-րդ և N 9 հավելվածի 3.1-ին ենթակետերով նախատեսված միջոցների բաշխման վերաբերյալ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 711-Ն որոշման N 3 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 13 հավելվածի:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1392-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ աղյուսակի 3.1-ին ենթակետում «Արենի համայնքի մանկապարտեզի կառուցման համար հողատարածքի ձեռքբերում» բառերը փոխարինել «Արենի համայնքի մանկապարտեզի կառուցման համար շենքերի և շինությունների ձեռքբերում» բառերով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023