Կառավարության որոշումներ

7 Մարտի 2013, 197 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 848-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով ու «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումն իրականացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, պետական կառավարման տարածքային մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պետական կառավարման հանրապետական այն մարմնի հետ համագործակցությամբ, երբ հատուկ կարգավորման ենթակա տարածքի սահմաններում այդ մարմնին վերապահված են գործառույթներ.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում քաղաքաշինական գործունեության համակարգումը` ապահովելով սույն կետի 1-ին ենթակետում նշված մարմինների կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը:».
2) կարգի 2-րդ կետի`
ա. 3-րդ ենթակետում «քաղաքաշինական հայեցակարգ» բառերը փոխարինել «քաղաքաշինական զարգացման հայեցակարգ» բառերով,
բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) կառուցապատման ներդրումային հայեցակարգ` տարածքի քաղաքաշինական զարգացման հայեցակարգից և գոտևորման նախագծից բխող միջոցառումների իրականացման քաղաքաշինական և ճարտարապետական լուծումները, ինչպես նաև տնտեսական արդյունավետությունը հիմնավորող փաստաթուղթ.».
3) կարգի 4-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) քաղաքաշինական և լանդշաֆտային արժեքների պահպանման,».
4) կարգի 6-րդ կետում «բնակավայրի» բառը փոխարինել «համայնքի (բնակավայրի)» բառերով.
5) կարգի III գլխի վերնագիրը «ԱՆՀՐԱԺԵՇՏ» բառից հետո լրացնել «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ» բառով.
6) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական զարգացման հիմնական փաստաթղթերն են`
1) քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգերը.
2) գոտևորման նախագծերը (ներառյալ քաղաքաշինական կանոնադրությունը).
3) պատմամշակութային հիմնավորման ու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը.
4) սահմանների նկարագիրը.
5) առանձին օբյեկտների և համալիրների կառուցապատման սխեմաներն ու ճարտարապետաշինարարական նախագծերը.».
7) կարգի 10-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետից հանել «և դրանց քաղաքաշինական զարգացման հայեցակարգերը» բառերը,
բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) համակարգում է հատուկ կարգավորման օբյեկտների պլանավորման և կառուցապատման գործընթացները, այդ թվում`
ա. քաղաքաշինական զարգացման հայեցակարգերի և գոտևորման նախագծերի (ներառյալ քաղաքաշինական կանոնադրության) մշակումը,
բ. հատուկ կարգավորմանը վերաբերող իրավական և կազմակերպչական հարցերի, նախագծային փաստաթղթերի քննարկումների կազմակերպումը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական խորհրդում:»,
գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հատուկ կարգավորման օբյեկտներում համաձայնեցնում է`
ա. քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգերը,
բ. գոտևորման նախագծերը (ներառյալ քաղաքաշինական կանոնադրությունը) և կառուցապատման սխեմաները,
գ. հատուկ կարգավորման օբյեկտների սահմանների նկարագիրը,
դ. հողահատկացման վերաբերյալ առաջարկությունները,
ե. առանձին օբյեկտների կամ համալիրների ճարտարապետահատակագծային առաջադրանքները և նախագծերի ճարտարապետական մասի էսքիզային լուծումները.».
8) կարգի 15-րդ և 16-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Երևան քաղաքում հատուկ կարգավորման օբյեկտների առաջադրման և տարածքների առանձնացման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետի հետ համատեղ:
16. Եթե հատուկ կարգավորման օբյեկտների առաջադրման և տարածքների առանձնացման վերաբերյալ առաջարկություններն առնչվում են Երևան քաղաքի վարչական սահմաններին հարակից համայնքներին, ապա սույն կարգի 15-րդ կետով սահմանված առաջարկությունների մշակմանը մասնակցում են նաև համապատասխան հարակից համայնքի (համայնքների) ղեկավարը և տարածքային կառավարման մարմինը:».
9) կարգի 18-րդ կետից հանել «զ» տառը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշման 1-ին կետում «Աղվանիի և Բարձրավանի» բառերը փոխարինել «Աղվանիի, Բարձրավանի և Քաշունիի» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023