Կառավարության որոշումներ

21 Մարտի 2013, 263 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 511-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը հաստատելու մասին» N 511-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ կետերով.
«2.1. Սահմանել, որ շրջանառության հարկ վճարողները`
1) յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են շրջանառության հարկի հաշվարկում.
2) միաժամանակ hաստատագրված և (կամ) արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներ իրականացնելու դեպքում` այդ գործունեության տեսակների մասով յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները նույնպես ներառում են շրջանառության հարկի հաշվարկում և սույն որոշման 1-ին կետով սահմանված ձևով տեղեկություն չեն ներկայացնում:
2.2. Այն դեպքերում, երբ եռամսյակի ընթացքում հարկ վճարողը դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող, ապա այդ եռամսյակի մինչև շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու օրը ներառող ամիսների համար (ներառյալ տվյալ ամսվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում հարկ վճարողը չի համարվել շրջանառության հարկ վճարող) յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողները ներկայացնում են սույն որոշման 2.1-ին կետին համապատասխան, իսկ դադարելու օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների համար՝ որոշման 1-ին կետով սահմանված ձևին համապատասխան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ:

 

 

Արխիվ

2024

2023