Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2013, 457 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի      7-ի N 130-Ն որոշման N 9 հավելվածի 3.1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 130-Ն որոշման N 9 հավելվածի 3.1-ին ենթակետով նախատեսված միջոցները որպես անհատույց պետական աջակցություն հատկացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղական համայնքի քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տներում բնակվող ընտանիքներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝
1) սույն որոշման հավելվածում նշված ընտանիքներին անհատույց պետական աջակցությունը հատկացնել միայն նոր կառուցվող շենքերի տարածքների համար համապատասխան մարմնի կողմից իրականացված երկրաբանական ուսումնասիրության արդյունքում, տարածքի անվտանգության վերաբերյալ դրական եզրակացության առկայության դեպքում.
2) աջակցություն ստանալու հավակնող անձանց աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացն ավարտել մեկշաբաթյա ժամկետում.
3) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 845-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված ընտանիքներին անհատույց պետական աջակցությունը տրամադրվում է բնակարան կառուցելու կամ համայնքի տարածքում բնակարան ձեռք բերելու պայմանով` ելնելով աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակելի տան (բնակարանի) ձևավորված շուկայական միջինացված արժեքից, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամ.
2) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) շինարարական աշխատանքների ավարտման ժամկետը սահմանվում է 2013 թվականի դեկտեմբերի 25-ը.
3) սույն որոշման հավելվածում նշված անձանց կողմից բնակեցումից ազատված բնակելի տները ենթակա են քանդման սեփականատերերի միջոցներով՝ բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտման փաստագրումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.
4) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները, ինչպես նաև սույն որոշման այլ պայմաններ սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրով: Ընդ որում, աջակցության տրամադրման մասին պայմանագրի անբաժանելի մաս է համարվում շինարարական աշխատանքների ծավալաթերթը.
5) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված երկրաբանական ուսումնասիրությունն իրականացվում է յուրաքանչյուր ընտանիքին հատկացված միջոցների հաշվին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023