Կառավարության որոշումներ

16 Մայիսի 2013, 523 - Ն

ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության` բնական աղետի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը             ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում կարկուտի պատճառած վնասների մեղմման նպատակով «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների և սածիլների վաճառքով զբաղվող տնտեսավարողներից ձեռք բերել բանջարաբոստանային և կերային մշակաբույսերի սերմացուներ, իսկ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «ՍկիֆԱգրոս» կազմակերպությունից` առվույտի, եգիպտացորենի, արևածաղկի սերմացուներ` առանց մրցույթի անցկացման.
2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված սերմացուների (այսուհետ` սերմացուներ) ձեռքբերման, մաքսային ձևակերպումների և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ տեղափոխման համար օգտագործել 87000000,0 դրամ՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին 2011 թվականին իրականացված գարնանացան գարու և եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագրերի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից հետ վերադարձված գումարներից.
3) սերմացուները «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով սեղմ ժամկետում անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) սերմացուները 5-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով հատկացնել կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին` համաձայն համապատասխան համայնքների ավագանիների կողմից հաստատված բաշխացուցակների.
2) սերմացուների հատկացումն ավարտելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն հատկացված սերմացուների նպատակային օգտագործման և կատարված ցանքերի մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023